Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջնությունը մեկնարկում է

Սպորտ

 

Վաղը' մարտի 21-ին, մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի 2009 թ. առաջնությունը: Մասնակից 8 ակումբները վերջին 3 ամիսներին ակտիվորեն նախապատրաստվում էին առաջնությանը, թեեւ ակումբներից ոչ բոլոր հաջողվեց լիարժեք նախապատրաստվել առաջնությանը:

Նախորդ առաջնության համեմատ թիմերի կազմերում որոշակի փոփոխություններ կան: Մասնավորապես մի շարք հայ ֆուտբոլիստներ արտասահմանից վերադարձել են եւ հանդես կգան տեղի թիմերում: Կան նաեւ արտասահմանցիներ: Ամենամեծ համալրումը ստացել է Երեւանի «Միկան», որը իր կազմում է ընդգրկել 10-ից ավել նոր ֆուտբոլիստների: Այդ խաղացողների թվում են նաեւ Հայաստանի հաքականի անդամներ: Լուրջ համալրում են ստացել նաեւ «Գանձասարը» եւ «Ուլիսը», որոշակիրոեն ուժեղացել է «Բանանցը», իսկ չեմպիոնը «Փյունիկը» բավարարվել է միայն Մոսկվայի «Սպարտակի» պատանեկան թիմի խաղացող Արտակ Ալեքսանյանով:

«Արարատի» «կորուստները» ավելի շատ են, քան համալրումները եւ նախորդ տարվա փոխչեմպիոնը այս տարի ֆավորիտների թվում չէ: Ետնապահներ «Շիրակը» եւ «Կիլիկիան» եւս որոշակի քայլեր ձեռնարկել են կազմը ուժեղացնելու նպատակով:

Նախորդ առաջնության համեմատ շատ չեն մարզչական փոփոխությունները: Առաջին հերթին պետք է նշել «Միկայում» տեղի ունեցած փոփոխությունը: Սուրեն Բարսեղյանի փոխարեն հայկական այս ակումբում աշխատելու է խորվաթ Իվո Շուշակը, որը նախկինում մարզել է Վրաստանի ազգային թիմը: Նոր մարզիչ ունի նաեւ «Արարատը», որտեղ Վարուժան Սուքիասյանի փոխարեն աշխատում է Աշոտ Կիրակոսյանը: «Կիլիկիան» եւս ունի նոր գլխավոր մարզիչ: Այս թիմում է աշխատում Աբրահամ Խաշմանյանը, սակայն նա նոր մարդ չէ ակումբում:

Առաջնության առաջին տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Փյունիկի» եւ «Բանանցի» միջեւ, որոնք խաղադաշտ դուրս կգան մարտի 22-ին: Այս ակումբների միջեւ հանդիպումները միշտ էլ անցել են անհաշտ պայքարում: 2 թիմերն էլ հաջողությամբ են սկսել գավաթի խաղարկությունում իրենց ելույթները: Մեծ հետաքրքրությամբ է սպասվում նաեւ «Գանձասար»-«Միկա» հանդիպումը, որտեղ կմրցեն նախորդ առաջնությունում 3-րդ եւ 4-րդ հորիզոնականներում հայտնված թիմերը: