Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեհերը սպասելիքներ ունեն Բարսեղյանից

Սպորտ

Մարտի 31-ին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկելիք ըմբաշամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցնեն նաեւ հայ մարզիկներ, որոնց չեն ներկայացնում Հայաստանը: Նրանցից մեկը վերջին տարիներին Լեհաստանում հանդես եկող 60 կգ քաշային Էդուարդ Բարսեղյանն է:

«Այս անգամ Լեհաստանը ներկայացնելու իրավունք ստացել եմ` հաղթելով Լեհաստանի առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում: Այժմ լրջորեն նախապատրաստվում եմ Եվրոպայի առաջնությանը»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Էդուարդ Բարսեղյանը:

Էջմիածնեցի մարզիկը Լեհաստանի հավաքականի կազմում մասնակցել է մի շարք ուսումնամարզական հավաքների. «Այս տարի արդեն 4 հավաք ենք անցկացրել, որոնցից մեկը Բուլղարիայում: Ներկայումս էլ հավաքի մեջ ենք: Մարտի 22-ին կավարտենք հերթական հավաքը, իսկ մարտի 25-ին Լեհաստանում սկսկենք նախապատրաստական վերջին փուլը, որից հետո էլ կմեկնենք Վիլնյուս»:

Բարսեղյանի կարծիքով առաջիկա Եվրոպայի առաջնությունում կլինեն անակնկալներ. «Միջազգային ֆեդերացիան այս տարի նորամուծություններ է կիրառել մրցակարգում, եւ այժմ մարզիկները մրցելու են նոր կանոններով: Կարծում եմ` դրա պատճառով կլինեն մի շարք անակնկալներ»:

Էդուարդ Բարսեղյանը համարվում է Լեհաստանի հավաքականի առաջատարներից մեկը եւ նրանից եվրոպական երկրում սպասում են մեդալ. «Առաջնությանը մասնակցելու են 6 հոգով: 3 քաշային կարգերում Լեհաստանը խնդիրներ ունի, քանի որ տվյալ քաշային կարգերի առաջատարները վնասվածք ունեն: Ես եւ մյուս 2 քաշային կարգի ըմբիշները բարեբախտաբար պատրաստ ենք եւ լավ մարզավիճակում ենք: Մեզանից ակնկալում են մեդալ»:

Մյուս երկրների կազմերում հայ ըմբիշներ եւս կլինեն, սակայն վերջնական կազմերը դեռ հստակեցվում են: Հայտնի է միայն, որ օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը, որը հանդես է գալիս Բուլղարիայում, այս անգամ ասպարեզ դուրս չի գա: