Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլիստն ապաքինվել է

Սպորտ

«Խաղադաշտ դուրս չէի գալիս, քանի որ շուրջ 2 ամիս է ապքինվում էի ծանր վնասվածքից»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց մերձմոսկովյան «Խիմկիի» ֆուտբոլիստ Բարսեղ Կիրակոսյանը:

Բարսեղը Ռուսաստանի բարձրագույն խմբի այս ակումբի հետ պայմանագիր կնքեց հունվարին, սակայն այս ընթացքում ստիպված է եղել բաց թողնել մի շարք հանդիպումներ եւ ուսումնամարզական հավաքներ. «Հունվարին ստացա վնասվածք, որից հետո չէի կարող մարզվել: Ապաքինվում էի, իսկ դա բավական երկար տեւեց: Այդ ընթացքում թիմը 3 ուսումնամարզական հավաք անցկացրեց, որոնց մասնակցել չկարողացա: Շատ վատ սկսվեց ինձ համար ամեն ինչ, սակայն ես չեմ ընկճվել»:

«Խիմկին», որտեղ հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, Ռուսաստանի առաջնության առաջին տուրում 1:1 հաշվով ավարտեց «Լոկոմոտիվի» հետ խաղը: «Կարծում եմ դա լավ արդյունք է մեզ համար: Մենք խաղում էինք մրցակցի դաշտում, իսկ մրցակիցը տիտղոսակիր թիմ էր եւ բավական ուժեղ կազմով: Բայց մենք ցույց տվեցինք, որ հենց այնպես չենք մասնակցելու առաջնությանը»,-նշեց Կիրակոսյանը:

Հայ ֆուտբոլիստն աստիճանաբար վերսկսում է մարզումները եւ հույս ունի, որ մրցաշրջանը հաջող կդասավորվի իր համար. «Ես լավատես եմ եւ հույս ունեմ, որ այս մրցաշրջանում ամեն ինչ բարեհաջող ընթացք կունենա: Արդեն սկսել եմ վազել եւ շուտով ծանրաբեռնված կմարզվեմ»: