Հետապնդում են Եկատերինային
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Եվրոպայի կանանց առաջնության 10-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Լեհաստանի ներկայացուցիչ Իվետա Ռայլիչի նկատմամբ: Լիլիթը 7.5 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:
Առայժմ մրցաշարային աղյուսակը 8 միավորով գլխավորում Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Կովալեւսկայան, որին հետապնդվում են 7.5 միավոր վաստակած 7 շախմատիստուհիներ:
10-րդ տուրում միմյանց հանդիպեցին Հայաստանի հավաքականի 2 անդամներ` Նելլի Աղինյանը եւ Սիրանուշ Անդրեասյանը: Պարտիան ավարտվեց խաղաղ ելքով: Լիլիթ Գալոյանն էլ կես միավոր վաստակեց Երեւանի «Միկայի» խաղացող Նինո Կուրտսիձեի հետ խաղում: Իսկ Աննա Հայրապետյանը հաղթեց Լարիսա Խրոպովային:
Վերջնականապես ավարտվեց տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը, որը ընթանում էր Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում: Լրացուցիչ պարտիաներում չեմպիոնի կոչումը նվաճեց ռուս Եվգենի Տոմաշեւսկին, որին հաջորդեց Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Վլադիմիր Մալախովը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց վրացի Բաադուր Ջոբավան:
Թայ-բրեյքում Հայաստանի հավաքականի խաղացող Տիգրան Պետրոսյանը հաղթեց Ալեքսեյ Դրեեւին եւ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր: Մեր մյուս մասնակիցները նման իրավունք չստացան:
Իսկ Ստամբուլում շարունակվում է կանանց "Գրան պրի" խաղարկությունը, որի 10-րդ տուրում Էլինա Դանիելյանը սեւերով ոչ-ոքի խաղաց առաջատարներից մեկի` Հոու Յիֆանի հետ: Դանիելյանը 7 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում, իսկ մրցաշարային աղյուսակը 7.5 միավորով գլխավորում են Յիֆանը, Զոուն եւ Կոներուն: