Քիչ էր մնում ընկնեին հարեւանի տուն
Աջակցիր «Ա1+»-ին
Հերթական փլուզումն է գրանցվել Գյումրի Իսահակյան 9 շենքում: Երկրորդ հարկի բնակչի հատակն ամբողջովին փլուզվել է: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Իսահակյան 9 շենքը հայտնի է իր ինքնատիպ փլուզումներով: Ամիսներ առաջ շենքի երրորդ հարկի բնակիչը զուգարանից օգտվելիս հայտնվել էր առաջին հարկում:
Այս անգամ փլուզման հերթը հասել էր Էմմա Սիմիկյանի բնակարանին, որտեղ նրա հետ ապրում էին իր երկու անչափահաս երեխաները:
Փլուզման պահին երեխան եւ մայրը պարզապես մեծ պատահականությամբ չեն հայտնվել հարեւանի տանը:
"Ես ու աղջիկս էլ այդտեղ կանգնած էինք' երեք տարեկան աղջիկս: Ճաշ էի եփում: Մի քայլ առաջ լինեինք, մենք էլ կընկնեինք ցած" - պատմում է տիկին Էմման:
Շենքը չորրորդ կարգի վթարային է, ընդգկված է առաջնային վերանորոգան կարիք ունեցող բնակելի շենքերի շարքում: Մարզում նմանատիպ 4-րդ աստիճանի վթարայնության շենքերը շատ են, սակայն Իսահակյան 9 շենքը ցուցակի առաջին տեղում է: Բնակիչները դիմել են մարզպետարան, որտեղից առայժմ արձագանք չի եղել:
Հուսահատված բնակիչները դիմել են նաեւ քաղաքապետարան: Ինչպես մեզ հաղորդեցին քաղաքապետարանից, հարցն արդեն բարձրացված է, կառավարությունը տեղյակ է խնդրին: Իսկ մինչ կլինի կառավարության արձագանքը, բնակիչներին մնում է ամեն առավոտ բարի լույսի փոխարեն միմյամց ողջունել այսպես. "Դուռը ես եմ բացում, հարեւան, չվախենաք"
Գյումրիի «Ցայգ» ՀԸ