Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նալչիկում կմասնակցեն նաեւ մերոնք

Սպորտ

ՖԻԴԵ-ն հաստատել է ապրիլի 14-ից 29-ը Նալչիկում կայանալիք "Գրա-պրի" ՖԻԴԵ-ի մրցաշարի մասնակիցների կազմը: 14 հայտնի գրոսմայստերների թվում են նաեւ հայ ամենաբարձր վարկանիշ ունեցող 2 շախմատիստները' Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը:

Հայ շախմատիստները Նալչիկում կմրցեն Ռուսաստանի ներկայացուցիչներ Պյոտր Սվիդլերի, Ալեքսանդր Գրիշչուկի, Եվգենի Ալեքսեեւի, ուզբեկ Ռուստամ Կասիմջանովի, ուկրաինացիներ Վասիլի Իվանչուկի, Սերգեյ Կարյակինի, Պավել Էլյանովի, ադրբեջանցի Շաքիրյար Մամեդյարովի, հունգարացի Պետեր Լեկոյի, ֆրանսիացի Էթիեն Բաքրոյի, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Գատա Կամսկու եւ Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդի հետ:

"Գրան-պրիի'' նախորդ 3 փուլերում Արոնյանը եւ Հակոբյանը ելույթ են ունեցել 1-ական անգամ: Արոնյանը մասնակցել է 2008 թ, Սոչիում կայացած Գրան-պրիին եւ գրավել առաջին հորիզոնականը, իսկ Վլադիմիր Հակոբյանը անցաց տարի ելույթ ունեցավ Էլիստայում կայացած 3-րդ փուլին' եզրափակելով մրցաշարային աղյուսակը:

"Գրան-պրիի" հաղթողը կորոշվի 6 փուլերի արդյունքում, իսկ գրոսմայստերներից յուրաքանչյուրը պետք է մասնակցի 4 փուլի: Ներկայումս մրցաշարային աղյուսակը գլխավորում է ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովը, որը մասնակցել է մինչ այս կայացած բոլոր 3 փուլերին, իսկ Նալչիկում կայանալիք 4-րդ փուլը բաց կթողնի: Ընդամենը 1 փուլի մասնակցած Արոնյանը 7-րդ տեղում է, սակայն առաջադիմելու հիանալի հնարավորություն ունի: Ընդհանրապես' Արոնյանը համարվում է հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը:

Ի դեպ, ՖԻԴԵ-ի "Գրան-պրի" մրցաշարերը կայանում են ոչ նախատեսվածի համաձայն: Ֆինանսական ճգնաժամի պատճառով կազմակերպիչները ստիպված են լինում փոխել հանդիպման մրցավայրերը: Նախորդ տարի դեկտեմբերին գրոսմայստերները Կատարի փոխարեն հանդես եկան Էլիստայում, իսկ ահա ապրիլին Նալչիկում կայանալիք 4-րդ փուլը նախատեսված էր Շվեյցարիայում: 5-րդ փուլը օգոստոսին կայանալու է Երեւանում, թեեւ նախատեսված էր անցկացնել այն Էլիստայում: