՚Քիմպրոմՙ-ում տարբերակներ են փնտրում
Աջակցիր «Ա1+»-ինՈրպես արտահանող ընկերություն, Վանաձորի ՚Քիմպրոմՙ ՓԲԸ-ն անմիջականորեն կրեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը: Ընկերության արտադրանքի շուրջ 95%-ը սպառվում էր միջազգային շուկայում: Իսկ ներկայումս պատկերն այսպիսին է. միջազգային շուկայում ընկերության կողմից ամսական մինչեւ 2000 տոննա եւ ավելի արտահանվող կարբիդի, ինչպես նաեւ կորունդի պահանջարկի բացակայություն, հարկադիր պարապուրդի մատնված 300 աշխատող, 2 ամսվա չվճարված աշխատավարձ...
Ճգնաժամի հետեւանքով քիմիական արդյունաբերության նախկին հսկայի կրած կորուստները վերականգնելու եւ ընկերության առողջացման հույսերը ՚Քիմպրոմՙ-ի տնօրինությունը կապում է կալիումական եւ ազոտական հիմքի վրա պարարտանյութերի արտադրության հետ, որոնց պահանջարկը կա հանրապետությունում եւ տարածաշրջանում:
Վանաձորի ՚Քիմպրոմՙ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը նշում է, որ կալիումական պարարտանյութերի արտադրման տեսանկյունից զգալի աշխատանքներ արդեն տարվել են: Փորձնական արտադրության շրջանակներում արտադրված պարարտանյութն առայժմ անվճար տրամադրվում է ոչ միայն Լոռու, այլ Արմավիրի, Տավուշի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի գյուղատնտեսներին:
Առաջիկայում նախատեսվում է թողարկել տարեկան միջինը 30 հազար տոննա արտադրանք, որը գյուղացին կարող է ձեռք բերել շուկայականից անհամեմատ ցածր գներով՝ 1տոննան 100 հազար դրամով: Կարբամիդի արտադրության գործարկման համար էլ անհրաժեշտ է նախ գործարկել ամոնիակի արտադրությունը:
Վանաձորի ՚Քիմպրոմՙ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովից տեղեկացանք, որ Արտաշատի կերամիկական գործարանից ստացվել է Վանաձորի ՚Քիմպրոմՙ-ում ամուրկաֆ կոչվող շինանյութի արտադրության առաջարկ: Շինանյութն աչքի է ընկնում իր թեթեւությամբ եւ ամրությամբ, ինչպես նաեւ ջերմակայունությամբ: Կավի եւ հանքաքարերի խառնուրդից ստեղծված շինանյութի արտադրությունը նաեւ քիչ ծախսատար է: Այս աշխատանքները ներկայումս ուսումնասիրության ընթացքում են: Կալիումական եւ ազոտական հիմքի վրա պարարտանյութերի արտադրության ծրագրերն արդեն ներկայացվել են կառավարությանը: Հաջողության դեպքում ՚Քիմպրոմՙ-ը կպահպանի ընկերության աշխատողների թիվը, կստեղծվեն նաեւ նոր աշխատատեղեր՝ մոտ 200 աշխատողներ՝ ՋԷԿ-ում, եւս 200-ը պարարտանյութերի արտադրամասում: