2-րդ բնակարանի վաճառքի դեպքում` հարկը պարտադիր է
Աջակցիր «Ա1+»-ինԻնչո՞ւ չեն էժանանում բնակարանները, չնայած որ գնորդների թիվը օրեցօր նվազում է: Սեփական բնակարանները վաճառողներն ունեն հարցի իրենց պատասխանը:
Նրանց մեծ մասը նոր է տեղեկացել, որ մեկից ավելի բնակարաններ վաճառելու դեպքում ստիպված են դրա համար հարկ վճարել: Իսկ քանի որ նման խնդիր է առաջացել, ապա վաճառողները բնակարանների գինը հնարավորինս բարձր են սահմանում, որպեսզի ավելացված արժեքի հարկի վճարումից հետո էլ կորուստ չկրեն:
Նույնը վերաբերվում է նաեւ հողատարածքներին եւ ավտոտնակներին:
Ըստ ՚Ավելացված արժեքի հարկի մասինՙ օրենքի` հարկ վճարում են այն քաղաքացիները, որոնք տարվա մեջ 2 եւ ավելի անգամ միեւնույն տեսակի անշարժ գույք են վաճառում, այսինքն` եթե քաղաքացին ունի 2 բնակարան եւ դրանք ցանկանում է վաճառել, ապա բնակարաններից մեկի համար պետք է ԱԱՀ վճարի:
Նախկինում ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքը չէր համարվում ապրանք, ուստի դրա վաճառքից ԱԱՀ չէր գանձվում, սակայն անցյալ տարեվերջին օրենսդիրն օրենքում փոփոխություն կատարեց, եւ այս տարվա հունվարից այն ուժի մեջ մտավ:
՚Ինքս գնում եմ բնակարան, հետո այն վերանորոգում եմ ու վաճառում: Դրանից ստացված շահույթն էլ իմ աշխատավարձն է: Եթե հիմա ամեն վաճառված բնակարանի համար ԱԱՀ մուծեմ, ապա բիզնեսս պարզապես կտապալվի: Նշանակում է պետք է դադարեցնեմ գործս ու մտածեմ այլ բանի մասինՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց տների վաճառքով զբաղվող մի քաղաքացի:
Բրոքերներից մեկն էլ պատմեց, թե ոչ միայն իրենք, այլեւ բնակարանների սեփականատերերը ստիպված կբարձրացնեն բնակարանների գինը, որպեսզի գոնե հարկը մուծեն ոչ թե իրենք, այլ գնորդները. ՚Դրա համար ինչքան կարող են, պահում են բնակարանների գինը: Չնայած անկեղծ խոստովանեմ, առնող չկա, ինչի պատճառով ուզեն, չուզեն գինը գցելու են: Բոլորն էլ գիտեն, որ էժանանալու են տները, սպասում են մինչեւ լավ իջնի, նոր գնեն ՙ:
Ի դեպ, Երեւանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակի մասին կարող ենք ասել, որ 2007թ. դեկտեմբերի համեմատությամբ 2008թ. դեկտեմբերին այդ գործարքների քանակը նվազել է 27.45 տոկոսով:
Ըստ հարցումների` ԱԱՀ մասին օրենքի փոփոխություններից հատկապես տուժելու է միջին խավը: