Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ԻՑ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ «ՉԼՃԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»

Հասարակություն


60-70 հայ ընտանիքներ ամեն տարի մշտական բնակության են մեկնում Կանադա: Մեկնում են լավագույն մասնագետները: Այսինքն` տեղի է ունենում ուղեղների արտահոսք` Կանադայի կառավարության կողմից ամբողջ աշխարհում իրականացվող «Բարձր որակավորման մասնագետ» ընտանեկան ծրագրի շրջանակում:


Եթե մինչեւ 2007թ փետրվարի 28-ը կարող էին մեկնել բարձրագույն կրթություն ունեցող ցանկացած անձ, ապա 2008թ. կարող են մեկնել միայն այն բարձագույն կրթություն ունեցողները, որոնց մասնագիտություններն ընդգրկված են Կանադայում պահանջարկ ունեցող 38 մասնագիտությունների ցանկում:


Պարտադիր պայման է նաեւ վերջին 10 տարիների ընթացքում 1 տարվա աշխատանքային փորձը: Առավել պահանջարկ ունեն բժիշկները, բացի ատամնաբույժներից, ֆինանսիստները, հաշվապահները, ծրագրավորողները: Կանադայում պահանջարկ ունեն նաեւ եռակցողները, շինարարության ոլորտում փորձ ունեցող տարբեր մասնագետները, խոհարարները, վաճառողները եւ այլն: Բացի մասնագիտությունից մեկնելու ցանկություն ունեցողները պետք է բավարար տիրապետեն անգլերենին եւ համապատասխան քննություն հանձնեն ՀՀ-ում Բրիտանական խորհրդում:


Քանի որ ՀՀ-ում չկա Կանադական դեսպանություն, ապա պայմանագրային հիմունքներով օժանդակության պարտականություններն իր վրա է վերցրել Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան առաքելությունը` համագործակցելով Մոսկվայում Կանադայի դեսպանության հետ: «Մենք ՀՀ քաղաքացիներին օգնում ենք, որպեսզի նրանց Կանադա մեկնումը լինի օրինական, նրանք չդառնան խաբեության զոհ: Մենք որոշումներ չենք կայացնում: Մենք իրականացնում ենք խորհրդատվություն, անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի պատրաստում, թարգմանություն եւ վավերացում եւ ուղարկում ենք Մոսկվա` Կանադական դեսպանատուն: Այսինքն, միջնորդի դեր ենք կատարում Մոսկվայում Կանադայի դեսպանության եւ մեր քաղաքացիների միջեւ»,- «Ա1+»-ին ասաց ՄՄԿ-ի Կանադական ծրագրի համակարգող Լիլիկ Մուսախանյանը:


ՄՄԿ են դիմում ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական բնակության համար Կանադա մեկնողները: Հետաքրքիրն այն է, որ Կանադան մշտական բնակության է ընդունում ոչ սոցիալական ծանր վիճակում գտնվող մասնագետների:


«Կանադա մշտական բնակության համար չեն կարող դիմել գործազուրկները, քանի որ աշխատանքային փորձը պարտադիր է: Մեկնելուց առաջ մարդը պետք է ցույց տա, որ նա Կանադայում ապրելու համար գումարներ ունի: Պետությունը տալիս է մշտական բնակության իրավունքը, սակայն ֆինանսապես չի ապահովում: Մեկ անձն առնվազն պետք է մոտ 10 հազար կանադական դոլար ունենա իր հաշվեհամարի վրա կամ այդ գումարին համարժեք անշարժ գույք, իսկ օրինակ 3 անդամից կազմված ընտանիքը` մոտ 15 հազար դոլար»,-ասաց տիկին Մուսախանյանը:


Կանադական ծրագրով ՀՀ-ից շարունակվում է ուղեղների արտահոսքը, Ձեր կարծիքով սա ինչպե՞ս է անդրադառնում մեր երկրի վրա. «Ա1+»-ի հարցին` Լիլիկ Մուսախանյանը պատասխանեց.


«Դիմում են այն մարդիկ, ովքեր ցանկանում են օրինական ճանապարհով մեկնել ՀՀ-ից տարբեր պատճառներով: Մեր պետությանը պետք է մտահոգի ոչ թե օրինական միգրացիան, այլ անօրինականը: Օրինական միգրացիան վտանգավոր չէ: Մարդիկ դրսում աշխատանք են գտնում, կարողանում են առաջխաղացումներ ունենալ, օգնել այստեղ գտնվող իրենց հարազատներին: Նրանք ցանկացած պահի կարող են վերադառնալ ՀՀ, օրենսդրական առումով որ—է խնդիր չունեն»:


Ի դեպ, ՄՄԿ մեր այցելության պահին տիկին Մուսախանյանը ՀՀ քաղաքացիներից մեկին հանձնում էր Կանադա մեկնելու համար արդեն պատրաստ բոլոր փաստաթղթերը: «Ես բանկային համակարգի աշխատող եմ, ամուսինս ծրագրավորող: Կանադա մեկնելու համար դիմել ենք մոտ մեկ տարի առաջ` ամուսնուս նախաձեռնությամբ: Ունենք մեկ երեխա»,- «Ա1+»-ին ասաց 30-ամյա Կարինե Ակոպովան: Ինչո՞ւ ենք որոշել մեկնել, այստեղ աշխատանք չունեի՞ք. մեր հարցին նա պատասխանեց.«Ունեինք, սակայն այստեղ մնալու դեպքում կլճանանք: Աշխարհը գնալով փոքրանում է եւ ոչ ոք չգիտի, թե իրեն ինչ է սպասվում,մեկնելը միջազգային ոլորտում փորձի ձեռքբերում է, որը իմ ընտանիքին անհրաժեշտ է»: