Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԱՐԱՏԸ» ԱՄԵՆԱԹՈՒՅԼՆ Է ԱՊՀ-ՈՒՄ

Սպորտ


«Համագործակցության գավաթի» 2009թ. խաղարկությունում ամենաանհաջողը ելույթ ունեցավ ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Արարատը»: Հայկական թիմը միակն է ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների ներկայացուցիչների շարքում, որ առանց միավոր վաստակելու է ավարտում ելույթները:


Ավանդական մրցաշարին մասնակցում էին 16 թիմեր, որոնց բաժանվել էին 4 ենթախմբերի:


«Արարատը» Ա խմբում էր, որտեղ նրա մրցակիցներն էին Ղազախստանի եւ Ռուսաստանի չեմպիոնները, Ուզբեկստանի փոխչեմպիոնը:


Ի տարբերություն իր մրցակիցների` հայկական թիմը նախքան Մոսկվա մեկնելը լիարժեք ուսումնամարզական հավաք չէր անցկացրել, այլ բավարարվել էր` տարբեր դահլիճներում նախապատրաստվելով:


Արդյունքը եղավ այն, որ «Արարատ»-ը պարտվեց խմբային մրցաշարի բոլոր 3 հանդիպումները, որոնցում խփեց 4 եւ բաց թողեց 10 գնդակ:


«Արարատը» չկարողացավ նույնիսկ առավելության հասնել ռուսական «Ռուբինի» նկատմամբ, որը հանդես էր գալիս միայն 2-րդ կազմով: Ա խմբի պայքարը շարունակեցին «Պախտակորը» (Ուզբեկստան) եւ «Ակտոբեն» (Ղազախստան), որը «Արարատի» հետ հանդիպումներում խնդիրներ չունեցան: Մյուս խմբերի քառորդ եզրափակիչում հանդես գալու իրավունք ստացան «Ինտերը» (Ադրբեջան), «Վենտսպիլսը» (Լատվիա), «Էկրանասը» (Լիտվա), «ՄՏԶ-Ռիպոն» (Բելառուս), «Շերիֆը» (Մոլդովա), «Ռեգար-Տադազը» (Տաջիկստան):


Մոսկովյան մրցաշարը հստակ ցույց տվեց, որ 2009թ. «Արարատը» այլեւս ի վիճակի չի լինելու Հայաստանում պայքարել չեմպիոնության համար:


Թիմի կազմը բավական թուլացած է, իսկ ակումբի ղեկավարությունը կազմը համալրելու գործնական քայլեր չի ձեռնարկում: Դեռ ավելին, «Արարատի» առաջատար խաղացողները տարբեր սուբյեկտիվ պատճառներով ներկայումս թիմում չեն:


Բրազիլացիներ Մարկոսը, Ջուլիանոն, Ռենատոն մեկնել են արտասահման: Այս խաղացողները առանցքային դեր ունեին երեւանյան թիմում, իսկ այժմ հայտնվել են Փարիզի «Արարատ» սիրողական թիմում, որը ելույթ է ունենում Ֆրանսիայի ընդամենը 5-րդ դիվիզիոնում:


«Արարատի» հետ չի մարզվում նաեւ Վահագն Մինասյանը, որը նախորդ մրցաշրջանում լավագույններից մեկն էր թիմի կազմում: Մինասյանն էլ կտրականապես հրաժարվում է շարունակել ելույթները «Արարատում» եւ պահանջում է իրեն տալ ազատ խաղացողի կարգավիճակ: