Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԱՆԴԱՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է «ՄԻԿԱՅԻ» ՀԵՏ

Սպորտ


Երեւանի «Միկան» խորվաթ գլխավոր մարզիչ Իվո Շուշակի գլխավորությամբ գալիք մրցաշրջանին սկսել է նախապատրաստվել Ծաղկաձորում: Ակումբում «Ա1+»-ին հայտնեցին, որ թիմը Ծաղկաձորից կվերադառնա հունվարին 20-ին: Նախապատրաստական շրջանում «Միկան» հայկական ակումբներից ամենաակտիվն է տրանսֆերային շուկայում: Այս թիմի ձեռքբերումներին արդեն բազմիցս անդրադարձել ենք: «Միկան» համալրել են մի շարք խաղացողներ, որոնց թվում են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Աղվան Մկրտչյանը եւ Արա Հակոբյանը:


Ներկայումս հայկական թիմը փորձարկում է մի շարք արտասահմանցիների, որոնք ժամանել են Հարավային Ամերիկայից եւ Իսպանիայից: Լեգեոներների շարքում պետք է ընդգծել Կառլոս Արանդային, որը ներկայումս հանդիսանում է իսպանական «Նումանսիայի» խաղացող: 27-ամյա Արանդան կարիերան սկսել է Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմում, իսկ հետագայում ելույթ է ունեցել «Վիլյառեալում», «Ալբասետեյում», «Սեւիլիայում», «Մուրսիայում», «Գրանդա-74»-ում: Բոլոր այս ակումբներում Կառլոսը հանդես է եկել հարձակման գծում, սակայն արդյունավետությամբ չի փայլել:


«Միկայի» հետ բանակցում են նաեւ արգենտինացիներ Դանիելե Դե Բրունոն եւ Կոնսիստրեն, ինչպես նաեւ բրազիլացիներ Ջոնը, Էդնելեն եւ Դանիել Դա Սիլվան:


Ծաղկաձորյան հավաքից հետո «Միկան» հունվարի վերջերին պատրաստվում է մեկնել Անթալիա եւ շարունակել նախապատրաստական փուլը:

ՄԱՀԱՑԵԼ Է ՀԱՅՏՆԻ ՄԱՐԶԻՉԸ


Երեկ Երեւանում 68 տարեկան հասակում մահացել է հայտնի ֆուտբոլային մարզիչ եւ նախկինում խաղացող Ֆելիքս Վերանյանը: Վերջինս հանդիսանում էր Հայաստանի ամենաֆուտբոլային ընտանիքի ամենավագ ներկայացուցիչը: Վերանյանի որդին` Էդուարդը, նախկինում հայտնի ֆուտբոլիստ է եղել, իսկ ներկայումս մարզչական գործունեությամբ է զբաղված: Ֆելիքս Վերանյանի 3 թոռները` Արթուր եւ Արտակ Եդիգարյանները («Փյունիկ»), Խորեն Վերանյանը («Միկա») ներկայումս հանդես են գալիս Հայաստանի բարձրագույն խմբում: