ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ՈՒՆԵՑԱՎ ՆՈՐ ՄԱՐԶԻՉ
Աջակցիր «Ա1+»-ին
Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արթուր Գեւորգյանը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում:
2008թ. Պեկինում կայացած օլիմպիական խաղերից հետո հրաժարական էր տվել ազգային թիմի գլխավոր մարզիչ Գագիկ Աղամալյանը: Օլիմպիադայում մեր 2 ձյուդոիստները խիստ անհաջող էին հանդես եկել, ինչի արդյունքում էլ Աղամալյանը ներկայացրել էր հրաժարականի դիմում:
Նախորդ 4 ամիսներին հավաքականը չուներ գլխավոր մարզիչ: Ձյուդոյի ֆեդերացիան որոշ ժամանակ փնտրում էր նոր մարզիչ եւ բանակցություններ վարում նաեւ արտասահմանցի մասնագետների հետ: Ի վերջո, ֆեդերացիան որոշել է գլխավոր մարզչի պաշտոնում վստահել Արթուր Գեւորգյանին: Նորանշանակ գլխավոր մարզիչը վերջին տարիներին ազգային հավաքականում օգնել է Գագիկ Աղամալյանին:
Արդեն այսօրվանից Արթուր Գեւորգյանի հավաքականի հետ սկսել է ուսումնամարզական հավաք: Հայաստանի ուժեղագույն 20 ձյուդոիստներ առաջիկա 8 օրերին Աբովյանում կնախապատրաստվեն հունվարի 24-26-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:
Ձյուդոյի ֆեդերացիայում հայտնեցին նաեւ, որ հունվարի 31-ից փետրվարի 1-ը Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքի մերձակայքում գտնվող Վլարդինգենում Հայաստանի դեռահասների հավաքականը կմասնակցի միջազգային մրցաշարի: 23 հայ ձյուդոիստներ մրցավայր կուղեւորվեն 4 հայ մարզիչների գլխավորությամբ: