ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է, ԱԲՐԱՀԱՄԸ` ՍՊԱՍՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամը (Գերմանիա) եւ Վախթանգ Դարչինյանը (Գերմանիա) պատրաստվում են առաջիկա ամիսներին պահպանել չեմպիոնական գոտիները:
WBA, IBF եւ WBC-ի վարկածներով թեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Դարչինյանը փետրվարի 7-ին մրցելու է մեքսիկացի Խորխե Արսեի հետ: Թեեւ մրցամարտին մոտ 1 ամիս ժամանակ կա, սակայն կողմերի միջեւ «փոխհրաձգությունը» վաղուց սկսվել է: Գրեթե ամեն օր բռնցքամարտիկները եւ նրանց մենեջերները տարբեր վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս միմյանց հասցեին: Հատկապես ակտիվ են մեքսիկացները, որոնց յուրաքանչյուր առիթ օգտագործում են Վախթանգին վիրավորելու համար: Արսեի մենեջեր Ֆերնանդո Բելտրանը օրերս հայտարարել էր, որ հայ բռնցքամարտիկը ծաղրածու է: Իր հերթին Դարչինյանը ընդգծել էր, որ Արսեի մենեջերը իր խոսքերի համար կարող է թանկ վճարել: Չի բացառվում, որ Վախթանգը մրցամարտից հետո նոկաումտի ենթարկի նաեւ Ֆեռնանդո Բելտրանին:
Եթե Դարչինյանի մրցակցի անունը հայտնի է, ապա Արթուր Աբրահամի պրոմոուտերները դեռ որոնումների մեջ են: Մարտի 14-ին Արթուրը պետք է մրցամարտ անցկացնի, սակայն մրցակցի անունը դեռ հայտնի չէ:
IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավանական մրցակից է համարվում IBO-ի վարկածով չեմպիոն Դանիել Գիլը:
Եթե կողմերը գան ընդհանուր հայտարարի, ապա տեղի ունենա բացառիկ հետաքրքիր մրցավեճը: Թե Աբրահամը, թե Գիլը պրոֆեսիոնալ ռինգում միայն հաղթանակներ են տոնել` չկրելով ոչ մի պարտություն:
ԶԻՋԵՑ ՀՈԼԱՆԴԱՑՈՒՆ
Իրանի Կիշ կղզում կայացել է 2009թ. սուսերամարտի առաջին վարկանիշային մրցաշարը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Ղազարյանը:
Մրցաշարին մասնակցում էին 19 իրանցիներ, 5 ադրբեջանցիներ, 2 թուրք եւ 1-ական վրացի, հոլանդացի ու հայ մարզիկներ:
Շպագ վարժությունում Միքայել Ղազարյանը կիսաեզրափակիչում հանդիպեց Հոլանդիայի ներկայացուցիչ Բաս Վերվիյլենի հետ: Վերջինս 2005թ. աշխարհի առաջնության մեդալակիր է եւ իր կարգով անհամեմատ բարձր էր հայ սուսերամարտիկից: Ղազարյանը զիջեց 11:15 հաշվով, իսկ եզրափակիչ դուրս եկած հոլանդացին առավելության հասավ նաեւ Իրանի ներկայացուցիչ Ռեզաի Տադի նկատմամբ: