ԱՄԱՆՈՐԻ ԳԻՇԵՐԸ ՏԱՔՍԻՆԵՐԸ «ՈՐՍԻ» ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ՞
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն մի քանի տարի է, որ Ամանորը եւ հատկապես տարեմուտի գիշերը շատ տաքսու վարորդների համար գումար վաստակելու լավագույն առիթ է, քանի որ շատերը հենց այդ գիշերն են գերադասում այցելել միմյանց տներ կամ պարզապես մասնակցել ամանորյա տոնակատարություններին: Այս դեպքում անփոխարինելի են դառնում հատկապես տաքսիների ծառայությունները: Արդյո՞ք այս տարի եւս տաքսի ծառայությունները ամանորի գիշերը կաշխատեն կրկնակի գներով:
«Ա1 +»-ը հարցումներ անցկացրեց մի քանի տաքսի ծառայություններում, որտեղ վստահեցրեցին, թե ամանորի գիշերը թանկացումներ չեն լինելու, եւ աշխատելու են սովորականի պես:
«Ոչ մի անգամ էլ չենք թանկացրել, միշտ էլ առանց հավելյալ գումարի ենք աշխատել: Ի՞նչի համար պիտի թանկացնենք, եթե նոր տարի է`ուրեմն պիտի թանկանա՞: Մեզ մոտ նման բան չկա»,- «Ա1+»-ին ասաց «Մանանդ» տաքսի ծառայության տնօրենը: Նույնը վստահեցրեցին նաեւ մասնավոր տաքսիների վարորդները: «Աշխատելու եմ ողջ գիշեր: Տուն գնամ` ի՞նչ անեմ: Ոչ աշխատանք կա, ոչ փող, ինչո՞վ նոր տարի անեմ, ավելի լավ է աշխատեմ: Ինչ վերաբերում է գնին, ապա չեմ թանկացնելու եվ 1 կմ-ի համար վերցնելու եմ 100 դրամ»,-վստահեցրեց վարորդ Լյովան:
Հակառակն են, սակայն վկայում մեր համաքաղաքացիները: «Հենց նոր տարվա գիշերը նախորդ տարի օգտվել ենք տաքսիներից եւ բավականին թանկ գնով` գրեթե եռակի գումար վերցրեցին: Բացի այդ, տաքսի գտնելն էլ շատ դժվար է` հարկավոր է նախօրորք պատվիրել»,-ասաց ուսանողուհի Էլինան: «Ամանորի գիշերը գների տատանումներ չեմ նկատել: Միգուցե` որովհետեւ մշտապես օգտվում եմ նույն տաքսի ծառայությունից»,-նշեց վաճառող Արմենը:
Իսկ շինարարական ընկերությունում աշխատող Կարենը մեկնաբանեց. «Եթե մի բանի պահանջարկը շատ է լինում, բնական է` այն նաեւ պիտի թանկանա: Տաքսի սերվիսների տերերը մտածում են, թե Նոր տարվա գիշերը հաճախորդներից կարող են ավել գումարներ վերցնել, բայց չարաչար սխալվում են, քանի որ բոլորն արդեն իրենց փողերը ծախսած են լինում»: «Չգիտեմ այս տարի ինչպես կլինի, բայց նախորդ տարի տաքսին Թումանյան փողոցից մինչեւ Պրոսպեկտի շուկա տարավ, եւ երբ վճարեցինք 1000 դրամ, բողոքեց` թե այս ազիզ օրով 1000 դրամ ես տալի՞ս»,-պատմեց Անահիտ Անուշյանը, ավելացնելով, որ այս դեպքում գերադասելի է ունենալ սեփական մեքենա:
«Այսօր շատ է խոսվում մասնավոր տաքսիները հարկային դաշտ բերելու մասին, մինչդեռ թող վերահսկեն այն` ինչ կատարվում է ամանորի գիշերը: Նախորդ տարի աշխատել եմ տաքսի ծառայությունում: Ամանորի գիշերը պատվերները շատ էին, սակայն չէին ընդունվում, քանի որ ծառայության մեքենաները դրսում յուրաքանաչյուրը քշում էին մինիմալը 1500 դրամով»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց մի քաղաքացի: Ի դեպ, Ամանորի գիշերը ակտիվ աշխատում են նաեւ առանց համարի երթուղային տաքսիները, որոնց վարձավճարները լինում են 200 -500 դրամ: