ԵՐԳԵՀՈՆ ԵՐԳԵՀՈՆԱՀԱՐԻ ՆԱԽԱԳԾՈՎ
Աջակցիր «Ա1+»-ին Հայաստանի եզակի երգեհոններից մեկը գտնվում է Գյումրիի սուրբ Յոթ Վերք եկեղեցում: Ծննդով գյումրեցի, այժմ Փարիզում ապրող երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանը ծրագրել է Գյումրիի համար պատվիրել նոր երգեհոն, որը տեղադրվելու է սուրբ Նշան եկեղեցում: Իսկ մինչ այդ դեկտեմբերի 13-ին նա հանդես կգա հայրենի քաղաքում` իր կատարումները նվիրելով երկրաշարժի զոհերի հիշատակին:
Նարինեի կատարումները հնչելու են դուդուկի նվագակցությամբ: Համերգային ծրագրում ընդգրկվել են Կոմիտասի աշխարհիկ երգերը, Առնո Բաբաջանյանի ու հին ֆրանսիական ստեղծագործություններ:
«Առաջին անգամն է, որ երգեհոնը եւ դուդուկը պետք է միասին հնչեն: Սա տարիներ շարունակ իմ գլխի մեջ հնչել է, որովհետեւ երգեհոնը ստրիկտ մտածողություն է, ճշգրիտ մտածողություն է, իսկ դուդուկը դա կոտրում է: Մեկը ազատության մասին է, մյուսը ճշգրտության»,-ասաց Նարինեն:
Երգեհոնային արվեստում երաժիշտը նաեւ ցանկանում է նորամուծություն կատարել: Երգեհոնի վրա տեղադրելով օժանդակ սարքավորում` ստանալ դուդուկի հնչողություն: Մինչ Գյումրի գալը Նարինեն տեղեկացել է տեղի երգեհոնի վիճակի մասին, իսկ Հայաստանում կատարել է նաեւ մեկ նկատառում: Հայկական եկեղեցիներն ունեն ճարտարապետական այնպիսի լուծումներ, որոնք ապահովում են ձայնի իդեալական հնչողություն:
Այդ առանձնահատկությունը քիչ է հանդիպում եվրոպական եկեղեցիներում: Օրինակ պատմաճարտարապետական մեծ արժեք ունեցող Շարտրի եկեղեցում ձայնը հնչում է 0,9 վայրկյան ուշացումով, ինչի պատճառով նվագում են ականջակալներով: Խոսելով Գյումրիի սուրբ Նշան եկեղեցու համար նախատեսված երգեհոնի մասին, Նարինե Սիմոնյանը նշեց, որ այժմ գումարներ է հայթայթում եւ արդեն պայմանավորվել է ֆրանսիացի հայտնի երգեհոնաշինարար Դանիել Քերնի հետ:
Նոր երգեհոնը պատրաստվելու է Նարինեի նախագծով եւ այլ հնչերանգների կողքին ունենալու է նաեւ դուդուկի հնչողություն:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ