Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԱՐԱՏԻ» ՄՐՑԱԿԻՑԸ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑ

Սպորտ


Ֆուտբոլի Ռուսաստանի չեմպիոն Կազանի «Ռուբինը» մարտական կազմով չի մասնակցի «Համագործակցության գավաթի» խաղարկությանը: Հունավարին կայանալիք մրցաշարում «Ռուբինը» Երեւանի «Արարատի» հետ միասին ընգդրկված է A խմբում: Ռուսաստանի չեմպիոնը մոսկովյան մրցաշարին կներկայանա երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Յուրի Ուտուլբաեւի գլխավորությամբ, որը «Համագործակցության գավաթի»խաղարկությունում կփորձարկի երիտասարդ խաղացողների, ինչպես նաեւ այն ֆուտբոլիստներին, որոնք վերադարձել են «Ռուբին» եւ մի շարք պոտենցիալ նորեկների: Իսկ «Ռուբինի» հիմնական կազմը այդ ընթացքում Կուրբան Բերդիեւի գլխավորությամբ Իսպանիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք: ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների չեմպիոնների մասնակցությամբ մրցաշարում «Արարատը» մրցելու է նաեւ Ղազաստանի չեմպիոն «Ակտոբեի» եւ Ուզեբկստանի առաջնության հաղթող «Պախտակորի» հետ: Այս թիմերը որոշել են մարտական կազմով ներկայանալ:

ԿՐԿԻՆ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է


Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը կրկին վնասվածք ունի, ինչի պատճառով բաց է թողել «Այաքսի» երիտասարդական թիմի հերթական մրցավեճը: Վերջին 3 տարիների ընթացքում Մանուչարյանը իրար հաջորդող վնասվածքների պատճառով այդպես էլ չի կարողանում դրսեւորել իրեն հոլանդական թիմում:

«ԽԻՄԿԻՆ» ԳՏԱՎ ՀՈՎԱՆԱՎՈՐ


Մերձմոսկովյան «Խիմկի» ակումբը վերջապես գտել է հովանավոր, որը պատրաստ է թիմին օգնել գոյությունը պահպանելու համար: Վերջին շրջանում «Խիմկին», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, հայտնվել էր լուծարման եզրին, ինչը պայմանավորված էր միջազգային ֆինանսական ճգնաժամով: Ակումբի ղեկավարությանը հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ Ռուսաստանի խոշորագույն ընկերություններից մեկի հետ, որի անունը առայժմ չի հրապարակվում: «Խիմկիի» նոր հովանավորը պատրաստ է 26 մլն դոլար բյուջե ապահովել 2009թ. համար: Մերձմոսկովյան ակումբի նախագահ Անդրեյ Գրոմովը նշել է, որ այս լուրը պաշտոնապես կհաստատվի միայն շաբաթվա վերջում: