Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԳԵՂԱՍԱՀՔ

Սպորտ

5 տարվա ընդմիջումից հետո Հայաստանի ներկայացուցիչները անհատական պայքարում ելույթ կունենան գեղասահքի Եվրոպայի առաջնությունում, որը կկայանա 2009թ. հունվարին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում:

Տղամարդկանց պայքարում հանդես կգա 20-ամյա Գեղամ Վարդանյանը, իսկ կանանց պայքարում Հայաստանը կներկայացնի 18-ամյա Անի Վարդանյանը: Վերջին անգամ Հայաստանի ներկայացուցիչները Եվրոպայի առաջնությունում ելույթ են ունեցել 2004թ.: Մեր մարզիկները ելույթ կունենան Հելսինկիի «Հարտվոլ» մարզապալատում, իսկ ներկայումս մարզվում են Կարեն Դեմրիճյանի անվան մարզամշակութային համալիրում: Շուտով Գեղամ եւ Անի Վարդանյանները ուսումնամարզական հավաք անցկացնելու նպատակով կմեկնեն Լատվիայի մայրաքաղաք Ռիգա:

Անի Վարդանյանը 2006թ. մասնակցել է Աշխարհի պատանեկան առաջնության, որը կայացավ Սլովենիայում: Այս մրցաշարում Անին գրավեց 51-րդ հորիզոնականը: Եվրոպայի 2009թ. առաջնությանը մասնակցելու իրավունք ստացել են եվրոպական շուրջ 30 երկրների ներկայացուցիչներ: 2008թ. առաջնությունում առավել հաջող էին հանդես եկել Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեդիայի, Իտալիայի եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչները:

Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի հունվարի 20-ին, իսկ տղամարդիկ պայքարի մեջ կմտենեն հունվարի 21-ին: Տղամարդկան պայքարում ֆավորիտ է համարվում ֆրանսիացի Բրիան Ժուբերը:

Ի դեպ, վերջին տարիներին Հայաստանը գեղասահքի միջազգային խոշոր մրցաշարերում ներկայացնում էր Անաստասիա Գրեբյոնկինա - Վազգեն Ազրոյան պարային զույգը, սակայն այս մարզիկները այլեւս պրոֆեսիոնալ մրցումների չեն մասնակցում: Գրեբյոնկինան եւ Ազրոյանը ներկայումս Ռուսաստանում մասնակցում են տարբեր շոուների: