Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵՎՐՈՊԱՆ» ԱՆԱԿՆԿԱԼ ՄԱՏՈՒՑԵՑ

Սպորտ


Ֆուտզալի Հայաստանի առաջնության 5-րդ տուրում առաջատարը չփոխվեց: Չեմպիոն «Պոլիտեխնիկը» պահպանեց առաջին հորիզոնականը` 13:2 հաշվով առավելության հասնելով «Հրազդանի» նկատմամբ:


Միանգամից 5 գոլի հեղինակ դարձավ Կարեն Միքայելյանը, որը սկսեց գլխավորել ռմբարկուների ցուցակը, իսկ Գեղամ Եդիգարյանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Անակնկալ մատուցեց Երեւանի «Եվրոպան», որը 7:4 հաշվով առավելության հասավ չեմպիոնության հավակնորդներից մեկի` «Էրեբունու» նկատմամբ: «Եվրոպայի» կազմում երկուական անգամ աչքի ընկան Սեւակ եւ Հենրիկ Գրիգորյանը, Ռաֆայել Պետրոսյանը:


«Արսենալ Նոր Նորքը» 6:2 հաշվով առավելության հասավ ետնապահ «Ավանի» նկատմամբ: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Արմեն Գուլամբարյանը: «Թալ Գրիգ» - «Գյումրի» մրցավեճը հետաձգվել է եւ կկայանա դեկտեմբերի 24-ին: 6-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինի «Պոլիտեխնիկ» - «Արսենալ Նոր Նորք» հանդիպումը, որում կմրցեն մրցաշարային աղյուսակի առաջին 2 հորիզոնականներում գտնվող թիմերը:

ՌՈՄԱՆԻ ԹԻՄԸ` ԱՆՈՐՈՇ ՎԻՃԱԿՈՒՄ


Արդեն մի քանի օր է` անորոշ վիճակում է հայտնվել մերձմոսկովյան «Խիմկի» ֆուտբոլային ակումբը, որտեղ հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզվոսկին: Ֆինանսական ճգնաժամի պատճառով «Խիմկին» կարող է միաձուլվել մեկ այլ մերձմոսկովյան ակումբի` «Սատուրնի» հետ: Այս կապացությամբ ՌՖՄ նախագահ Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ կարվի ամեն բան թիմը պահպանելու համար. «Ես գտնում եմ, որ «Խիմկին» այն թիմը չէ, որ պետք է լուծարվի: Ակումբը ունի լուրջ ենթակառուցվածքներ, երկրպագուներ, մանկապատանեկան մարզադպրոց, հիանալի մարզադաշտ: Խնդիրը ֆինանսական է եւ ստեղծված իրավիճակում բարդ է թիմը պահելը: Ես խոսել եմ ակումբի բաժնետերերի, հովանավորների, երկրպագուների հետ: Կփորձենք գտնել ճանապարհ, որպեսզի փրկենք «Խիմկին»: 12-15 մլն դոլարը լիովին բավարար է թիմի հետագա գործունեությունը ապահովելու համար»:

ՄԱԼՈՅԱՆԻ ԳՈԼԸ ԳԵՂԵՑԻԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷՐ


Մոսկվայի «Սպարտակը» հարցում է անցկացրել պարզելու անցնող մրցաշրջանում թիմի կազմում խփած ամենագեղեցիկ գոլի հեղինակին: Հայ հարձակվող Արթուր Մալոյանը հարցման արդյունքում հայտնվել է 2-րդ հորիզոնականում: Մալոյանը «Սպարտակի» երիտասարդական կազմում Ռուսաստանի փոխարինողների առաջնությունում գեղեցիկ գնդակն էր խփել Նալչիկի «Սպարտակի» դարպասը, ինչի շնորհիվ էլ հայտնվել է 2-րդ տեղում: Հաղթող է դարձել Վլադիսլավ Ռիժկովը, որը ըստ ֆուտբոլասերների` ամենագեղեցիկ գոլի հեղինակն է:


Հիշեցնենք, որ 19-ամյա Արթուր Մալոյանը նախորդ մրցաշրջանում հանդես եր գալիս «Սպարտակի» երիտասարդական թիմում, սակայն մրցաշրջանի վերջում հայտնվեց գլխավոր թիմում: