ԲԵԼԱՌՈՒՍՆԵՐԸ ՉԽԱՆԳԱՐԵՑԻՆ «ՌԵԱԼԻՆ»
Աջակցիր «Ա1+»-ին
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում կայացան նախավերջին 5-րդ տուրի հանդիպումները, որոնցում ի հայտ եկան հաջորդ փուլի եւս 7 մասնակիցներ:
E խումբ
«Վիլյառեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» 0:0
«Օլբորգ»-«Սելթիկ» 2:1
Խմբի առաջատարների մրցավեճում դարպասի գրավում չարձանագրվեց եւ դա պատահական չէր: Կողմերին ձեռնտու էր գոլազուրկ ոչ-ոքին, քանի որ թե «Վիլյառեալը», թե «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակած միավորի շնորհիվ ապահովեցին իրենց տեղը հաջորդ փուլում:
Այս խմբի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում հանդես գալու իրավունք ստացավ «Օլբորգը», որը 2:1 հաշվով առավելության հասավ «Սելթիկի» նկատմամբ եւ ապահովեց 3-րդ հորիզոնականը:
F խումբ
«Բավարիա»-«Ստյաուա» 3:0
«Ֆիորենտինա»-«Լիոն» 1:2
Այս խմբում եւս վերջին տուրից առաջ հայտնի են փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած թիմերի անունները: Նման իրավունք ստացան «Բավարիան» եւ «Լիոնը», որոնք խմբային մրցաշարի մեկնարկից առաջ էլ համարվում էին խմբի ֆավորիտիներ:
Հաղթանակը դժվարությամբ տրվեց հատկապես «Լիոնին», որը Ֆլորենցիայում հյուրընկալվել էր «Ֆիորենտինային»: Ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ Կլոդ Պուելի կարծիքով` իտալացիների հետ խաղում իր սաները ընթացիկ խաղարկությունում իրենց լավագույն հանդիպումը անցկացրին. «Հատկապես հարձակման գծում մենք մեր լավագույն հանդիպումը անցկացրինք: Շատ գրագետ էինք գործում նաեւ պաշտպանությունում: Գեղեցիկ հաղթանակի շնորհիվ ենք դուրս գալիս հաջորդ փուլ»:
G խումբ
«Արսենալ»-«Դինամո» 1:0
«Ֆեներբախչե»-«Պորտու» 1:2
Այս խմբում եւս ինտրիգը մահացավ: Հաջորդ փուլի ուղեգիր ապահովեցին «Արսենալը» եւ «Պորոտւն»: Անգլիացիները Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում 1:0 հաշվով առավելության հասան Կիեւի «Դինամոյի» նկատմամբ: Վերջինիս գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը հանդիպումից հետո ասել է. «Մի քանի բառով կարող եմ արտահայտվել. մենք չունենք փորձ: Խաղը ընդհանուր առմամբ հավասար էր եւ մենք չէինք զիջում մրցակիցն: Բայց մրցակիցը խաղավերջում գոլ խփեց եւ հաղթեց: Ավելին ես իմ խաղացողներից պահանջել չէի կարող»:
H խումբ
«Զենիթ»-«Յուվենթուս» 0:0
ԲԱՏԵ-«Ռեալ» 0:1
Այստեղ ուղեգիր նվաճողներից մեկը հայտնի էր նախքան այս տուրը: Դեռեւս 4-րդ տուրից հետո հաջորդ փուլի ուղեգիր ապահովել էր «Յուվենթուսը»: Իտալացիներին միացավ նաեւ Մադրիդի «Ռեալը», որը Մինսկում մրցում էր Բելառուսի չեմպիոն ԲԱՏԵ-ի հետ: Որքան էլ փորձեցին բելառուսները խանգարել արքայական ակումբի ֆուտբոլիստներին չստացվեց: «Ռեալը» հաղթեց նվազագույն 1:0 հաշվով եւ դուրս եկավ փլեյ-օֆֆ: «Ռեալի» գլխավոր մարզիչ Բեռնդ Շուստերը խաղից առաջ մտավախություն ուներ, որ կլիմայական պայմանները կարող են խանգարել իր սաներին. «Ձյունը կարող էր խոչընդոտել մեզ, բայց մենք խաղային նախավարժանքը սովորականից ավելի շուտ սկսեցինք եւ ցույց տվեցինք, որ կարելի է նաեւ նման պայմաններում հաջող հանդես գալ»: