ՕԼԻՄՊԻԱԴԱ.ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԿԱՆԱՅՔ
Աջակցիր «Ա1+»-ինՕլիմպիադայի վերջին տուրում հաղթանակ տոնեց նաեւ Հայաստանի կանանց հավաքականը: Այսօր 2.5:1.5 հաշվով մեր հավաքականը առավելության հասավ Հնդկաստանի նկատմամբ: Մեր շախմատիստուհիների կազմում հաղթական միավորը վաստակեց Էլինա Դանիելյանը (2513):
Վերջինս առաջին խաղատախտակի վրա մրցում էր Դրոնավալի Հարիկայի (2462) հետ եւ խնդիրներ չունեցավ այս պարտիայում: Լիլիթ Մկրտչյան (2443)-Սաչդեւ Տանիա (2425), Նելլի Աղինյան (2325)-Գատե Սվատի (2320) եւ Լիլիթ Գալոյան (2305)-Անն Մարի Գոմես (2298) պարտիաները ավարտվեցին խաղաղ ելքով:
Հաղթելով 11-րդ տուրում` Հայաստանը 16 միավորով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Դա միանգամայն տրամաբանական էր, քանի որ մեր ընտրանին իր վարկանիշով եւս 6-րդն էր մրցաշարում: Նախորդ օլիմպիադայում Հայաստանի կանանց ընտրանին գրավել էր 8-րդ հորիզոնականը:
Չեմպիոնի կոչումը նվաճեց Վրաստանը, որը այս տուրում 3:1 հաշվով առավելության հասավ Սերբիայի նկատմամբ: Վրաստանի կազմում փայլուն խաղ ցուցադրեց փորձառու Մայա Չիբուրդանիձեն: Վերջինս հանդես է գալիս նաեւ Երեւանի «Միկայում»: Արծաթե մեդալների արժանացավ Ուկրաինայի հավաքականը: