Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԱՍԵՐՆԵՐԸ ՇՈՒՆՉԸ ՊԱՀԱԾ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ ԽԱՂԻ ԸՆԹԱՑՔԻՆ

Սպորտ


Տիգրան Պետրոսյանը անվան Շախմատի տան դահլիճում այս րոպեներին «ասեղ գցելու տեղ չկա»: Շախմատի տանը հավաքվածները օն-լայն հետեւում են Դրեզդենում ընթացող Հայաստան-Չինաստան շախմատային օլիմպիադայի 11-րդ տուրի վճռորոշ մրցավեճին:

Դահլիճում տեղակայված էկրանից շախմատասերները կանգնած եւ նստած հետեւում են ընթացող 4 պարտիաների ընթացքին եւ փորձում գնահատել մերոնց հնարավորությունները:

Չնայած դահլիճում մեծ թվով շախմատասերներ էին հավաքվել, սակայն աղմուկ գրեթե չկար: Ներկաները զուսպ քննարկում էին միմյանց հետ հնարավոր խաղաքայլերը:

«Գաբրիելը ժերտվա տվե՞ց», - հանկարծ բացականչեց տարեց մի տղամարդ: Նրան անմիջապես սաստեցին ընկերները. «Կամաց, էսքան մարդ, որ քո նման խոսի, պատկերացնո՞ւմ ես` ինչ կլինի»:

Չինաստանի հետ մրցավեճում հաղթանակը Հայաստանին կապահովի առաջին հորիզոնականը:

Թեեւ մրցամարտը սկսվել էր 13:00-ին եւ շարունակվելու էր առնվազն 4-5 ժամ, սակայն շախմատասերները չէին պատրաստվում լքել դահլիճը:

«Մինչեւ վերջին վայրկյանը այստեղ եմ լինելու: Մինչեւ չհաղթեն, չեմ գնալու: Այդպես է եղել նաեւ Տիգրան Պետրոսյանի ժամանակ, երբ տարիներ առաջ նա դարձավ աշխարհի չեմպիոն», -ասաց 69-ամյա Ռազմիկ Գրիգորյանը:

Շախմատի տան դահլիճում տեղ չկար, ուստի շատերը միջանցքում էին փորձում տեղեկանալ, թե ինչ է կատարվում Դրեզդենում:

Նրանցից 58-ամյա Գուրգենը գիշերը լավ չէր քնել, քանի որ. «Ուշք ու միտքս այս խաղն է: Ասում են` ինտերնետով միանգամից իմանում ես` ինչ է լինում, բայց ես դրա հնարավորությունը չունեմ: Եկել եմ այստեղ, որ միանգամից իմանամ, բայց այնքան մարդ է լցվել դահլիճ, չեմ կարողանում մտնել: Շունչս չի հերիքի մտնեմ»:

Հայաստանի երկրպագուները մեծ հետաքրքրությամբ փորձում էին տեղեկություն ստանալ զուգահեռաբար ընթացող Ուկրաինա-ԱՄՆ հանդիպման մասին: Եթե ուկրաինացիները չհաղթեն, ապա Հայաստանին ոչ-ոքին էլ բավարար է չեմպիոն դառնալու համար:

«Բայց մենք մեր հույսը մեր վրա պետք է դնենք եւ դառնանք բացարձակ չեմպիոն, ոնց որ արեցինք 2 տարի առաջ», - ասաց շախմատասերներից մեկը: