Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԸՆԴԱՌԱՋԵՑԻՆ

Սպորտ

«Արցախ» ակումբի տղամարդկանց եւ կանանց բասկետբոլի թիմերն օրերս որակազրկվել էին Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունից: Սակայն Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան վերանայել է իր որոշումը` թողնելով միայն կանանց որակազրկումը: Տղամարդիկ կրկին իրավունք են ստացել պայքարել բրոնզե մեդալների համար:

Բասկետբոլի ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ ԼՂՀ կառավարության առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը իր անմիջական վերահսկողության տակ է վերցրել «Արցախ» ակումբին եւ հավաստիացրել, որ արցախյան թիմերը այսուհետեւ պարտաճանաչ կկատարեն իրենց առջեւ դրված պարտականությունները:

ՀԲՖ-ն ավելի վաղ որոշել էր որակազրկել «Արցախին» ցուցաբերված անլուրջ եւ ոչ պրոֆեսիոնալ պահվածքի համար: «Արցախի» կանանց թիմը հնարավորություն էր ստացել պայքարել 3-րդ տեղի համար, որտեղ նրա մրցակիցը Արարատ քաղաքի համանուն թիմն էր: Սակայն, «Արցախը» չէր ներկայացել առաջին հանդիպմանը, որի համար թիմին տեխնիկական պարտություն է գրանցվել 0:20 հաշվով: Այդպիսով` «Արցախը» զրկվել է բրոնզե մեդալների համար պայքարից, իսկ ակումբի ղեկավարությունը բասկետբոլի ֆեդերացիային այդպես էլ չէր հիմնավորել խաղին չներկայանալու պատճառները:

Քանի որ նույն ակումբին էր պատկանում նաեւ տղամարդկան թիմը, ֆեդերացիան որոշել էր որակազրկել նաեւ տղամարդկանց: «Արցախի» տղամարդկանց թիմը եւս կարող էր դառնալ բրոնզե մեդալակիր, որի համար պայքարում էր «Գյումրիի» հետ: Առաջին 2 հանդիպումներից հետո հաշիվը հավասար էր` 1:1:

ԼՂՀ սպորտկոմիտեի ղեկավարի եւ ՀԲՖ-ի միջեւ տեղի ունեցած զրույից հետո որոշվել է, որ լրացուցիչ 3-րդ հանդիպումը այնուամենայնիվ կայանելու է: Ֆեդերացիան ներկայումս հստակեցնում է հանդիպման օրը: Հավանական է, որ խաղը կայանա դեկտեմբերի 6-ին Գյումրիում: