Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐԸ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ԵՐԵՎԱՆ ՀԱՍՆՈՒՄ

Հասարակություն

Աբովյան քաղաքի բնակիչները մշտապես դժգոհում են երթուղային տաքսիների գերծանրաբեռնվածությունի:

«Ես ամեն օր կանգնած եմ Երեւան գալիս, մեջքս ցավում է,- ասում է աբովյանցի Արտաշեսը, որը Երեւանի երաժշտական խանութներից մեկում է աշխատում,- որպեսզի երթուղայինում նստելու տեղ լինի, պետք է սկզբնակետից նստեմ, իսկ սկզբնակետը մեր տանից բավական հեռու է»: Աբովյանի մեկ այլ բնակիչ՝ 26-ամյա Անահիտը, ստիպված Աբովյանի միջքաղաքային երթուղային տրանսպորտով հասնում է երթուղայինների սկզբնակետ, որպեսզի այնտեղից կարողանա նստած գալ Երեւան: «Ստացվում է, որ ես կրկնակի փող ու ժամանակ եմ ծախսում: Աբովյանում աշխատատեղ չկա, ստիպված Երեւանում եմ աշխատում, բայց իմ աշխատածից օրը միայն 400 դրամ ուղեվարձ եմ տալիս»,- ասում է Անահիտը:

Աբովյան-Երեւան երթուղին սպասարկում են «261» համարի միկրոավտոբուսները եւ «259» համարի «Բոգդան» ավտոբուսները:

Միկրոավտոբուսներն օրական 88 չվերթ են ապահովում, իսկ ավտոբուսները՝ 20: Բացի հիմնական երթուղիներից Աբովյանից Երեւան եկող եւս երկու տարանցիկ երթուղիներ կան՝ Խաչփառ-Երեւան-Աբովյան-Ջրաբեր եւ Երեւան-Ակունք-Գեղաշեն: Սակայն տարանցիկ երթուղիներն էլ չեն բավարարում պահանջը:

Աբովյանցիների խոսքով՝ երթուղիները գերծանրաբեռնված են աշխատում հատկապես առավոտյան եւ երեկոյան:

«Հայավտոկայան» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Հարությունյանը «Ս1+»-ի հետ զրույցում ասաց, որ եթե անհրաժեշտություն լինի, իրենք կդիմեն Տրանսպորտի եւ կապի նախարարությանը Աբովյան-Երեւան նոր երթուղու մրցույթ անկացնելու համար:

Ըստ Արմեն Հարությունյանի՝ աբովյանցիների դժգոհության առիթ է նաեւ այն, որ Աբովյանի ավտոկայանը քաղաքի կենտրոնում չէ. «Մենք դիմել ենք Աբովյանի նորընտիր քաղաքապետին, որպեսզի նոր տարածք հատկացվի ավտոկայանի համար, եւ նա խոստացել է անդրադառնալ այս խնդրին իր պարտականությունները ստանձնելուց հետո»,- ասում է Արմեն Հարությունյանը: