ԼԻԼԻԹԸ ԼԱՎԱԳՈՒՅՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
Աջակցիր «Ա1+»-ինՆալչիկում այսօր օրերին ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը հասավ մինչեւ քառորդ եզրափակից, որտեղ զիջեց չինացի Հաու Յիֆանին: Մկրտչյանը այսպիսով մտավ աշխարհի լավագույն 8 շախմատիստուհիների ցուցակ, ինչը լավագույն արդյունքն էր անհատական մրցաշարերում:
«Մրցաշարի բոլոր պարտիաներն էլ դժվար էին եւ չի կարելի ասել, թե որեւէ մի մրցակցի հեշտությամբ հաղթեցի», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Մկրտչյանը, որը արդեն Երեւանում է:
Առաջին 2 փուլերում Լիլիթի մրցակցուհիները նրանից վարկանիշով ցածր էին, իսկ ահա քառորդ եզրափակիչի ուղեգիր Մկրտչյանը վաստակեց` հաղթելով Հնդկաստանի ներկայացուցիչ Դրոնավալի Հարիկային, որը ավելի բարձր վարկանիշ ուներ. «Հարիկան ուժեղ շախմատիսուհի է: Նրա հետ առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի, իսկ 2-րդում ես ընտրել էի սկզբնախաղ, որը նրա համար խորթ էր, եւ ես նրան անակնկալի էի բերել: Նման իրավիճակում նա որոշ սխալներ թույլ տվեց եւ պարտվեց»:
Հայ շախմատիստուհին ընդգծեց, որ Նալչիկում իրենց աջակցել են տեղի հայերը. «Այս քաղաքում մեծ թվով հայեր կան, որոնք գալիս էին եւ աջակցում ինձ: Կուզենայի ընդգծել, որ Նալչիկում բնակվող հայ գործարար Գարգին Թամարյանը այս մրցաշարում հովանավորեց ինձ: Նա հոգած իմ հյուրանոցի ծախսերը, որը մետ 1000 դոլար էր կազմում: Քանի որ մրցաշարը անհատական էր, ողջ ծախսերը ես պետք է կատարեի, բայց հայ գործարարը ինքը կատարեց դա, թեեւ մինչ այս նա ինձ չէր ճանաչում եւ պարզապես լինելով շախմատասեր, տեղեկացել էր, որ առաջնությանը մասնակցում է հայ շախմատիստուհի եկել էր աջակցելու: Առաջնության մասնակիցներից եւ կազմակերպիչներից շատերը հաճելիորեն զարմացել էին, հայ գործարարը նման նախաձեռնությամբ հանդես եկավ»:
Իսկ առաջանությունը մոտենում է ավարտին: Արդեն եզրափակիչում հանդես գալու իրավունք է ստացել Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Կոստենյուկը, որի մրցակիցը կլինի Կոներու Հոու զույգի հաղթողը: «Կարծում եմ անկանխատեսելի եզրափակիչ կլինի», - ասաց Լիլիթ Մկրտչյանը:
Առաջիկայում Լիլիթը անհատական մրցաշարերի չի մասնակցելու, փոխարենը պատրաստվում է «Միկայի» կազմում մասնակցել հոկտեմբերին կայանալիք Եվրոպայի ակումբային առաջնությունը, իսկ ավելի ուշ Հայաստանի կանանց հավաքականի կազմում ելույթ կունենա Համաշխարհային օլիմպիադայում: