Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՂԹԵԼ»

Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 2010թ. Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլում կմրցի Լատվիայի, Էստոնիայի եւ Բուլղարիայի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան հաջորդ տարի փետրվարին Բուլղարիայում:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ բոլոր մրցակիցներին էլ կարելի է հաղթել. «Սա որակավորման փուլի մրցաշար է, որում առաջին հորիզոնականը գրաված թիմը դուրս կգա հաջորդ փուլ, որտեղ սկսվում է հիմնական ընտրական մրցաշարը: Որակավորման փուլում մեր մրցակիցները հիմնականում հավասարազոր թիմեր են: Բուլղարիան եւ Էստոնիան ֆուտզալում այնքան ուժեղ չեն եւ վարկանիշային աղյուսակում էլ մեզ բավական զիջում են, իսկ ահա Լատվիան բավական ուժեղ հավաքական ունի»:

Հայաստանի հավաքականը վարկանիշային աղյուսակում 86-րդ հորիզոնականում է, Լատվիան` 59, Էստոնիան` 117, Բուլղարիան` 120:

Որակավորման փուլում հաջողության հասնելու դեպքում Հայաստանը իրավունք կստանա հանդես գալ ընտրական 2-րդ խմբի մրցաշարում, որտեղ ընդգրկված են Չեխիայի, Խորվաթիայի եւ Բոսնիայի հավաքականները. «Նախ ասեմ, որ որակավորման առաջին փուլի մասին ենք դեռ մտածում: Երբ որ հաղթահարենք այն, ապա կսկսենք մտածել հաջորդ փուլի մասին: Կարող եմ նշել միայն, որ հաջորդ փուլում անհամեմատ լուրջ եւ դժվար մրցակիցներ են մեզ սպասվում: Չեխիայի եւ Խորվաթիայի հավաքականները վերջին տարիներին աշխարհի 20 հավաքականների շարքում են, իսկ Բոսնիան ներկայումս 26-րդն է: Համեմատության եզրեր որակավորման փուլի մրցակիցների հետ պարզապես չկան»: