«ԻՍՊԱՆԻԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականը, Ալբասետեյում 0:4 հաշվով զիջելով Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականին, արդեն վերադարձել է Երեւան: Հավաքականի գլխավոր մարզչի օգնական Վարդան Մինասյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ անհաջողության պատճառը չափից ուժեղ մրցակիցն էր. «Իսպանիայի հավաքականը ներկայումս ոչ թե լավագույններից մեկն է աշխարհում, այլ, իմ կարծիքով, լավագույնը: Նման հզոր հավաքական վերջին 2 տասնամյաններում դժվար է հիշել: Իրոք իսպանացիները ներկայումս իրենց բարձրության վրա են եւ տեղում ծանոթանալով այդ թիմի խաղին` կարող եմ ասել, որ նման հզոր թիմի դեմ դեռ հանդես չէինք եկել»:
Հայաստանի հավաքականը Վարդան Մինասյանի գլխավորությամբ 2007թ. նոյեմբերին հյուրընկալվեց Պորտուգալիայի հավաքականին, որը բավական ուժեղ թիմ է, սակայն զիջեց 0:1 հաշվով, բացի այդ հայ ֆուտբոլիստները լրիվ այլ որակի ֆուտբոլ ցուցադրեցին. «Կարող էինք եւ ավելի հաջող հանդես գալ Իսպանիայի դեմ, բայց պետք է նշեմ, որ Պորտուգալիան անհամեմատ թույլ է ներկայիս Իսպանիայից: Ինչ խոսք իր դերը խաղաց նաեւ այն հանգամանքը, որ Թուրքիայից կրած պարտությունից հետո մեր ֆուտբոլիստները հոգեբանորեն ընկճված էին»:
Հայաստանի հավաքականի խաղացողներից մի քանիսի մոտ խաղային պրակտիկայի բացակայություն էր նկատվում, ինչը հաստատեց նաեւ Մինասյանը. «Դա թաքցնելու բան չէ եւ նկատելի էր, որ մեր խաղացողներից շատերը խաղային պրատկտիկայի խնդիր ունեին: Դոնեցկի «Մետալուրգում» հանդես եկող Արարատ Առաքելյանը եւ Սամվել Մելքոնյանը հազվադեպ են իրենց թիմի կազմում դուրս գալիս խաղադաշտ, Լեւոն Պաչաջյանը իր ակումբում վերջին 2 հանդիպումներին չէր մասնակցել կամ դուրս էր եկել փոխարինման: Արթուր Ոսկանյանը երեկ լավ հանդես եկավ, բայց եւս պրակտիկայի խնդիր ուներ, քանի որ վնասվածքի պատճառով որոշ ժամանակ չէր մարզվել»:
Խոսելով 5-րդ ընտրական խմբի մասին` Վարդան Մինասյանը ասաց, որ հիմնականում մեկնարկային հանդիպումներում գրանցված արդյունքները սպասելի էին. «Արդեն 6 հանդիպում է կայացել, որոնցից ամենամեծ անակնկալը թերեւս Թուրքիա - Բելգիա խաղում երեկ գրանցված ոչ-ոքին էր: Մյուս հանդիպումների արդյունքները անսպասելի չէին»: