ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՔԵՑ ՎԵՐՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը քիչ առաջ Ալբասետեյում 0:4 հաշվով պարտվեց Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականին: Չնայած պարտությանը հայ ֆուտբոլիստները 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու 5-րդ խմբում լքեցին վերջին հորիզոնականը եւ այժմ 4-րդ տեղում են, քանի որ Էստոնիայի հավաքականը 0:7 հաշվով զիջեց Բոսնիայի ընտրանուն:
Իսպանիա - Հայաստան մրցավեճում բացահայտ ֆավորիտ էին համարվում տանտերերը, որոնք արդեն 8-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Օգտվելով մեր ընտրանու պաշտպանների անփույթ խաղից, հաշիվը բացեց Կապդեվիլյան: 16-րդ րոպեին իսպանացիների լավագույն ռմբարկու Դավիթ Վիլյան մոտ տարածությունից կատարած դիպուկ հարվածով կրկնապատկեց հաշիվը: Խփած 2 գնդակներից հետո Իսպանիան մի փոքր հանգստացավ, իսկ Հայաստանի հավաքականը սկսեց ավելի համարձակ գործել: Մինչեւ ընդմիջում հայ ֆուտբոլիստները դարպասը գրավելու 2 հնարավորություն ունեցան, սակայն Լեւոն Պաչաջյանի եւ Արթուր Ոսկանյանի հարվածները նպատակին չհասան: Կարող էին հաջողության հասնել նաեւ իսպանացիները, սակայն մինչեւ ընդմիջում դարպասի նոր գրավում չարձանագրվեց:
2-րդ կեսում եւս Իսպանիան ուներ բացահայտ առավելություն: Խաղավերջում Ռոման Բերեզովսկու դարպասը գրավեցին Վիլյան եւ Սենան: Հայաստանը ընտրական փուլում կրեց իր 2-րդ անընդմեջ պարտությունը: Յան Պոուլսենի գլխավորած հավաքականը անցկացրած 2 հանդիպումներում գոլ չի խփել, սակայն 6 գնդակ է ընդունել սեփական դարպասը:
5-րդ ընտրական խմբում կայացել են եւս 2 հանդիպումներ: Թուրքիայի հավաքականը սեփական հարկի տակ չի կարողացել առավելության հասնել Բելգիայի նկատմամբ: Հանդիպումը ավարտվել է 1:1 հաշվով, իսկ Բոսնիան սեփական հարկի տակ 7 անպատասխան գնդակ է ուղարկել Էստոնիայի դարպասը: 2-րդ տուրից հետո Իսպանիան 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Թուրքիան եւ Բելգիան 4-ական միավորով 2-րդ տեղում են: Բոսնիացիները 3 միավորով զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը: Միավորներ չեն վաստակել միայն Հայաստանի եւ Էստոնիայի հավաքականները, սակայն հայ ֆուտբոլիստները գնդակների ավելի դրական տարբերության շնորհիվ 4-րդ տեղում են:
Ընտրական հանդիպումներ են կայացել նաեւ մյուս խմբերում: Մեծ անակնկալ է գրանցվել 2-րդ խմբում, որտեղ Շվեյցարիայի հավաքականը սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջել է Լյուքսեմբուրգին: 4-րդ խմբում Ռուսաստանը 2:1 հաշվով հաղթել է Ուելսին, իսկ Ադրբեջանը 0:0 հաշվով է ավարտել Լիխտենշտեյնի հետ մրցավեճը: 6-րդ խմբում Անգլիայի հավաքականը հյուրընկալվելիս 4:1 հաշվով պարտության է մատնել Խորվաթիային, որի պատճառով զրկվել էր «Եվրո-2008»-ի եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունից: 8-րդ խմբում Վրաստանի հավաքականը հյուրընկալվելիս 0:2 հաշվով զիջել է աշխարհի չեմպիոն Իտալիային: