Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՖՈՒՏԲՈԼԸ ԿԱՐՈՂ Է ՋԵՐՄԱՑՆԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը երեկ Ստամբուլում 0:4 հաշվով պարտվեց Թուրքիայի իր հասակակիցներին եւ ավարտեց ելույթները «Եվրո-2009»-ի ընտրական փուլում:

Վերդառանալով Երեւան գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը «Ա1+»-ի հետ զրույցում ընդգծեց, որ երիտասարդական հավաքականը անհաջողության մատնվեց առաջին հերթին լարվածության պատճառով. «Առայժմ չենք կարողանում հաղթահարել արտագնա հանդիպումների բարդույթը: Այս խաղում եւս մեր խաղացողների գործողություններում լարվածություն կար: Չնայած դրան մոտ 30 րոպե փաստորեն կարողացանք անառիկ պահել սեփական դարպասը, բայց դրանից հետո ինչպես տեսաք իրենց բարձրության վրա չէին դարպասապահը եւ պաշտպանները»:

Առաջին 2 գոլերը թուրքերը խփեցին` տուգանային հարվածները միեւնույն կերպով իրացնելով, սակայն 2 դեպքում էլ Հայաստանի հավաքականի պաշտպանները դիտորդի դերում էին, իսկ դարպասապահ կամ սխալ էր դուրս գալիս տեղի կամ մնում էր տեղում. «Եթե դարպասապահը եւ պաշտպանները ավելի հաջող հանդես գային այդ դրվագներում, ապա խաղը կարող էր այլ ընթացք ունենալ: Բացի այդ Թուրքիայի հավաքականում լուրջ փոփոխություններ էին կատարվել: Օգոստոսի 20-ին Երեւանում կայացած խաղի համեմատ հիմնական կազմում միանգամից 5-6 ֆուտբոլիստներ էին հայտնվել: Իրոք, շատ ուժեղ մրցակից էր Թուրքիայի երիտասարդականը»:

«Եվրո-2008»-ի ընտրական փուլում Հայաստանը, ընգդրկված լինելով 2-րդ խմբում, 10 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը.«Կարծում եմ` լավ հանդիպումներ էլ ունեցանք այս ընտրական փուլում: Կարծում եմ` երիտասարդական հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ հաջորդ տարի կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականը»:

Ի դեպ, Հայաստանը առաջին անգամ հավաքական թիմով հանդիպում անցկացրեց Թուրքիայում եւ ըստ Վարուժան Սուքիասյանի` թուրքերը նորմալ ընդունելության են արժանացրել հայկական պատվիրակությանը. «Ընդունելությունը Ստամբուլում նորմալ էր եւ կազմակերպված: Մենք առանձնապես դուրս չենք եկել հյուրանոցից: Կարծում եմ` ֆուտբոլը կարող է ջերմացնել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները»: