ՀՈՎՍԵՓՅԱՆԻ 100-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը այսօր 100-րդ անգամ կհագնի Հայաստանի հավաքականի մարզաշապիկը` մասնակցելով Ալբասետեյում Իսպանիայի դեմ կայանալիք հանդիպմանը:
Սարգիսը կդառնա առաջին հայ ֆուտբոլիստ, որը նման բացառիկ ցուցանիշ է ցույց տվել Հայաստանի հավաքականի պատմության մեջ: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ամիսներ առաջ խոստացել էր, որ առաջին 100 խաղի սահմանը հատած ֆուտբոլիստին կպարգեւատրի 5 հազար ԱՄՆ դոլարով, իսկ ավելի ուշ Հայրապետյանը հաստատել էր իր մտադրության մասին. «Ինչպես կարող է` խոստանամ եւ չանեմ»:
Սարգիս Հովսեփյանը հոկտեմբերի 2-ին կդառնա 36 տարեկան: Առաջին անգամ Հովսեփյանը ազգային հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել 1992թ. հոկտեմբերի 14-ին, Երեւանի «Հրազդան» մարզադաշտում Մոլդովայի հավաքականի հետ կայացած խաղում: Դրանից հետո Հովեփսյանը մշտապես եղել է Հայաստանի ազգային թիմի առանցքային խաղացող: Փորձառու պաշտպանի համար Հայաստան-Թուրքիա սեպտեմբերի 6-ին կայացած հանդիպումը 30-րդն էր աշխարհի առաջնությունների ընտրական փուլերում: Եւս 37 անգամ նա մասնակցել է Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերի հանդիպումներին, իսկ 32 անգամ մասնակցել տարբեր ընկերական եւ ստուգողական հանդիպումների (այդ թվում Կիպրոսի եւ Մալթայի միջազգային մրցաշարերը):
Պետք է ընդգծել, որ Հովսեփյանը Հայաստանի հավաքականում երբեք չի փոխարինվել եւ 2 անգամ հանդիպումը կիսատ է թողել ստացած կարմիր քարտերի պատճառով:
Մոտ ապագայում 100 խաղի սահմանագիծը հաղթահարել Հայաստանի հավաքականի մյուս խաղացողներին չի հաջողվի: Հովսեփյանին հաջորդող խաղացողները կամ ավարտել են կարիերան, կամ դեռ մի քանի տասնյակ հանդիպումներ պետք է անցկացնեն: Ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստների ցանկում ներկայումս 2-րդը Արթուր Պետրոսյանն է` 68 խաղով, սակայն նա արդեն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան եւ Շվեյցարիայում զբաղվում է մարզչական գործունեությամբ: Լավագույն եռյակը 63 խաղով եզրափակում է Հարություն Վարդանյանը, որը եւս թողել է մեծ ֆուտբոլը: Հավաքականի ներկայիս խաղացողներից ամենաշատ հանդիպում անցկացրել է Համլետ Մխիթարյանը, ով 56 անգամ է հագել Հայաստանի հավաքականի մարզաշապիկը: