ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏՎԵԼՈ՞Ւ Է
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը Իսպանիայի Ալբասետե քաղաքում կայանալիք Իսպանիա - Հայաստան 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումից առաջ, տանտերերի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ վստահ է իր սաների հաջողության մեջ:
«Բոլոր մրցակիցներն էլ մեր դեմ առանձնահատուկ ձեւով են տրամադրվում, քանի որ Իսպանիան Եվրոպայի չեմպիոնն է: Բայց ես վստահ եմ իմ սաների հաջողությանը » , - ասել է իսպանացի մասնագետը, որը երկար տարիներ հաջողությամբ աշխատել է Մադրիդի «Ռեալում»:
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը ընդգծել է, որ ընտրական փուլի առաջին խաղում Իսպանիան Բոսնիայի հետ կայացած խաղում չի օգտագործել մի շարք գոլային պահեր. «Մենք հաղթեցինք 1:0 հաշվով, բայց կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել: Այդ երեկո բախտը մեր կողմը չէր: Նույնիսկ 11 մետրանոցից վրիպեցինք: Սակայն մեր ֆուտբոլիստները տրամադրված էին մտել խաղադաշտ եւ մեծ ցանկություն ունեին հաջողությամբ սկսել ընտրական փուլը»:
Դել Բոսկեն նշել է նաեւ, որ Հայաստանի հավաքականի մակարդակի թիմերին իրենք պետք է հաղթեն. «Խնդիրներ միայն մենք կարող ենք մեզ համար ստեղծել: Իսպանիայի հավաքականը ունի անհրաժեշտ քանակությամբ ֆուտբոլիստներ, որպեսզի հաղթի նման հանդիպումներում»:
Մինչ այս Իսպանիայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել են 4 անգամ: Բոլոր հանդիպումներում էլ հաղթել են իսպանացիները` Հայաստանի դարպասը խփելով 10 գնդակ, իսկ հայ ֆուտբոլիստներին առայժմ չի հաջողվել գրավել Իսպանիայի հավաքականի դարպասը: Ամեն դեպքում հյուրընկալվելիս Հայաստանը ավելի հաջող է հանդես եկել Իսպանիայի դեմ: 1995թ. մեր ընտրականին «Եվրո-96»-ի ընտրական փուլի շրջանակներում պարտվել է 0:1 հաշվով: 64-րդ րոպեին հանդիպման միակ գնդակը 11 մետրանոցից խփել է իսպանացիների պաշտպան Ֆեռնանդո Հիերոն:
2003թ. «Եվրո-2004»-ի ընտրական փուլում կայացած 2-րդ արտագնա խաղում Հայաստանի հավաքականը Միխայ Ստոյկիցայի գլխավորությամբ բավական հաջող սկսեց հանդիպումը եւ առաջին կեսում դարձյալ անառիկ պահեց սեփական դարպասը, սակայն 63-րդ րոպեին իսպանացիներին վերջապես հաջողվեց բացել խաղի հաշիվը եւ մինչեւ խաղավարտ հաշիվը դարձնել 3:0: