ԱՐՈՆՅԱՆԸ ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող «Մեծ սաղավարտի» շախմատային մրցաշարի առաջին շրջանը ավարտված է: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը անհաջող մեկնարկից առաջ աստիճանաբար միավորներ վաստակեց` հեռանալով վերջին հորիզոնականից:
4-րդ տուրում Արոնյանը սիպտակներով հաղթեց Վասիլիսի Իվանչուկին, որի հետ սովորաբար բավական անհաջող է հանդես գալիս: Հաջորդ տուրում Լեւոնը սեւերով ոչ-ոքի ավարտեց Ադրբեջանի ներկայացուցիչ Թեմուր Ռաջաբովի հետ պարտիան: Միավորների քանակը հասցնելով 6-ի Արոնյանը դուրս եկավ 3-րդ հորիզոնական: Մրցաշարային աղյուսակը 9 միավորով գլխավորում է Վեսելին Տոպալովը, որին հաջորդում է 8 միավոր վաստակած Մագնուս Կառլսենը: 4-ական միավորով մրցաշարային աղյուսակը եզրափակում են Իվանչուկը, Ռաջաբովը եւ Անանդը:
6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով մրցելու է Մագնուս Կառլսենի հետ: Այս պարտիայում Արոնյանի հաղթանակի համար սահմանվել է 3.65 գործակից, իսկ Կառլսենի համար` 3.45: Առավել հավանական է համարվում ոչ-ոքին, որի համար սահմանվել է 1.60 գործակից:
Իսկ Նալչիկում շարունակվում է կանանց աշխարհի անհատական առաջնությունը, որտեղ Լիլիթ Մկրտչյանը արդեն քառորդ եզրափակիչում է: Հայ շախմատիտուհին քառորդ եզրափակիչում մրցում է Չինաստանի ներկայացուցիչ Հոու Յիֆանի հետ: Առաջին պարտիան ավարտվել է ոչ-ոքի, որտեղ Լիլիթը հանդես էր գալիս սպիտակներով: Եթե խաղաղ արդյունք գրանցվի նաեւ 2-րդ պարտիայում, ապա հաղթողը կորոշվի թայ - բրեյքում:
Իտալիայում ավարտվել է Իմպերիայի շախմատային փառատոնը, որտեղ հիանալի ելույթ է ունեցել հայ շախմատիստ Կարեն Մովսիսյանը: 9 հնարավորից վաստակելով 8 միավոր` նա դարձել է մրցաշարի հաղթող: Մրցաշարին մասնակցել են 72 շախմատիստներ, որոնց մրցել են շվեյցարական մրցակարգով: