Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅՈՒՐԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 18-րդ տուրում անակնկալ արդյունքներ չգրանցվեցին: Առաջատար «Արարատը», հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասնելով Գյումրիի «Շիրակի» նկատմամբ, շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Հանդիպումը անցավ լարված եւ դրամատիկ պայքարում: Առաջինը հաջողության հասան տանտերերը, որոնց կազմում 19-րդ րոպեին հաջողության հասավ Գառնիկ Սարգսյանը, սակայն 9 րոպե անց առաջնության լավագույն ռմբարկու Պիզելի Մարկոսը հավասարեցրեց հաշիվը:

«Արարատը» հաղթական գնդակը խփեց միայն 88-րդ րոպեին: Աչքի ընկավ թիմի կիսապաշտպան Կարեն Նավոյանը:

Հաղթելով այս խաղում` Վարուժան Սուքիասյանի սաները 39 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում 37 միավորով ընթանում է չեմպիոն «Փյունիկը», որը այս տուրում «Միկայի» հետ արտագնա մրավեճում առավելության հասավ 1:0 հաշվով: Հանդիպման միակ գնդակը 57-րդ րոպեին խփեց Ալբերտ Թադեւոսյանը:

Այս պարտությունից հետո «Միկան» 34 միավորով նահանջեց 3-րդ հորիզոնական: Նույնքան միավոր է վաստակել նաեւ Կապանի «Գանձասարը», որը այս տուրում հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Կիլիկիայի» նկատմամբ: Շարունակում է միավորներ կորցնել նախորդ առաջնության փոխչեմպիոնը` «Բանանցը»:

Այս տուրում «Բանանցը» 1:1 հաշվով ավարտեց «Ուլիսի» հետ մրցավեճը եւ 25 միավորով ընդամենը 5-րդ հորիզոնականում է:

Այս տուրի ավարտից հետո թիմերը մոտ կես ամիս կհանգստանան, քանի որ սեպտեմբերի 6-ին եւ 10-ին կայանալու են 2010թ. աշխարհի առաջնության ընտրական հանդիպումները, որոնցում հանդես է գալու նաեւ Հայաստանի հավաքականը: