ԸՄԲԻՇՆԵՐԸ ԿՈՐՑՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն այսօր մեդալի չի արժանանա Պեկինում ընթացող օլիմպիական խաղերում: 66կգ քաշային Արման Ադիկյանը եւ 74կգ Արսեն Ջուլֆալակյանը չկարողացան միջամտել մեդալների համար պայքարին:
Արման Ադիկյանը պայքարի մեջ մտավ 1/16-րդ եզրափակիչից, որտեղ մրցեց հունգարացի Տամաշ Լորինցի հետ: Հունգարացի ըմբիշը, որը 2006թ. Եվրոպայի չեմպիոնն է, հաղթեց 4:3 հաշվով: 1/8-րդ եզրափակիչում Ադիկյանի մրցակիցը պարտվեց եւ հայ ըմբիշը զրկվեց նաեւ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Այս քաշային կարգում էր հանդես գալիս նաեւ Արմեն Վարդանյանը, որը վաղուց ներկայացնում է Ուկրաինան: Գյումրեցի ըմբիշը 1/8-րդ եզրափակիչում խոշոր 6:0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Ֆարիդ Մանսուրովին, որը 2007թ. աշխարհի չեմպիոնն էր: Այս տպավորիչ հաղթանակից հետո Արմենը քառորդ եզրափակիչում զիջեց Կանատբեկ Բեգալիեւին (Ղրղզստան): Վերջինս դուրս եկավ եզրափակիչ, իսկ Վարդանյանը դեռ բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն ունի:
74 կգ քաշայինների պայքարում Արսեն Ջուլֆալակյանն իր առաջին մրցամարտը անցկացրեց 1/16-րդ եզրափակիչում: Նրա մրցակիցը ուկրաինացի Վլադիմիր Շացկիխն է, որ 2006թ. աշխարհի չեմպիոնն է: Այս մրցամարտը ավարտվեց 3:3 հաշվով, սակայն լրացուցիչ ցուցանիչներով հաղթեց Ջուլֆալակյանը եւ դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ, որտեղ արդեն նրա մրակիցն էր 2008թ. Եվրոպայի չեմպիոն Պետեր Բասցին (Հունգարիա): Արսենը այս անգամ պարտվեց 6:8 հաշվով: Հունգարացի ըմբիշը եզրափակիչ չհասավ եւ Ջուլֆալակյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հանարվորությունից:
ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ
48 կգ քաշային հայ բռցնքամարտիկ Հովհաննես Դանիելյանն այսօր իր առաջին մրցամարտն անցկացրեց «Օլիմպիադա-2008»-ում: Դանիելյանը հանդիպեց մոնղոլացի Սանդաք Բայասագլանին եւ հաղթեց խոշոր 9:3 հաշվով: 1/16-րդ եզրափակիչում Դանիելյանը կհանդիպի Բիրժան Զախիպովին (Ղազախստան):
«ՍԱՔԱՐԹՎԵԼՈՆ» ՀԱՂԹԵՑ
«Օլիմպիադա-2008»-ի շրջանակներում այսօր միմյանց հետ են հանդիպել Ռուսաստանի եւ Վրաստանի ծովափնյա վոլեյբոլի կանանց թիմերը: 2 երկրների միջեւ առկա լարված հարաբերությունների պատճառով հանդիպումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել Պեկինում, իսկ հաղթողը իրավունք էր ստանալու դուրս գալու հաջորդ փուլ եւ շարունակելու պայքարը մեդալների համար: Վրաստանի կազմում հանդես էր գալիս Սաքա-Ռթվելո զույգը: Թեեւ այս վոլեյբոլիստուհիները ազգությամբ բրազիլացիներ էին, սակայն նրանց փոխված ազգանունները միասին կարդալու դեպքում ստացվում էր Սաքարտվելո (Վրաստան):
Ռուսաստանը ներկայացնում էր Նատալյա Ուրյադովա - Ալեքսանդրա Շիրյաեւա զույգը, որը առաջին խաղակեսում հաղթեց 21:10 հաշվով, սակայն հաջոր 2-ում առավելության հասան «վրացուհիները» 22:20 եւ 15:12 հաշվով: Ռուսաստանի հավաքականը թողեց հետագա պայքարը, իսկ Վրաստանը դեռ պայքարում է մեդալների համար: