«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՉԱՄԱՉԵՆՔ ՄԵՐ ԽԱՂԻՑ»
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Փյունիկն» այսօրվանից սկսել է նախապատրաստվել հուլիսի 15-ին մեկնարկելիք Չեմպիոնների լիգայի 2008-09թթ. խաղարկությանը, որի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոնի մրցակիցը կլինի կիպրոսական «Անորտոսիսը»:
«Տղաներից ակնկալում եմ արժանապատիվ խաղ, - ասաց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, -երբ Հայաստանի հավաքականը անցած տարի ելույթ էր ունենում, ես անընդհատ ասում էի, որ ուզում եմ լավ հանդես գանք, որ հանդիսատեսը գա, բացի այդ մենք չամաչենք մեր խաղից: Այժմ ես այդպիսի խաղ եմ ակնկալում «Փյունիկից»: Չեմ ուզում խոսել արդյունքից: Բոլորս էլ հասկանում ենք, որ մեր թիմը երիտասարդ է, բայց պոտենցիալ ունի եւ կարող է արդյունքի հասնել»: Խոսելով մրցակցի` Կիպրոսի չեմպիոն «Անորտոսիսի» մասին` Մինասյանը նշեց, որ բավական տեղեկացված են նրա մասին. «Տեղյակ ենք, թե այս թիմի կազմում ովքեր են հանդես գալիս, ինչպիսի ելույթներ են ունեցել նախորդ մրցաշրջանում: Դեռ պետք դիտենք նաեւ «Անորտոսիսը» մասնակցությամբ հանդիպման տեսագրությունը, որից հետո մենք կընտրենք մեր մարտավարությունը»:
Վարդան Մինասյանը գոհ էր իր սաների ցուցադրած որակներից Հայաստանի առաջնության վերջին տուրում կայացած «Արարատի» հետ խաղում, որում «Փյունիկը» առավելության էր հասել 1:0 հաշվով.«Հանդիպումից առաջ ես շատ էի խնդրել, որ նվիրված խաղան, ինչ ունեն` ներդնեն այս խաղին, այսինքն` պրոֆեսիոնալ լինեն: Եթե ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ է, ապա նրան այս ամենը ասելու կարիք արդեն չկա: Խաղի որակը լավացնելու տեղ դեռ ունենք: Նվիրվածությունը տղաների գերազանց եմ գնահատում»:
Երիտասարդ մարզչի գլխավորությամբ սա «Փյունիկի» 2-րդ անընդմեջ հաղթանակն էր: Դրանից առաջ Մինասյանը Արմեն Գյուլբուդաղյանցի օգնական էր, որ 10 օր առաջ պաշտոնանկ էր արվել. «Ուզում եմ նշել, որ «Փյունիկում» ոչ մի գլոբալ փոփոխություն տեղի չի ունեցել: «Փյունիկը» նախկինում էլ էր լավ խաղում: Եթե նայեք արդյունքները, ապա այն հանդիպումները որոնցում միավոր ենք կորցրել, ավարտվել են 0:0 կամ 0:1 հաշիվներով: Այսինքն` մեզ չէր հաջողվում վճռորոշ գոլը խփել: «Արարատի» հետ խաղում խփեցինք եւ հաղթեցինք, բայց ասել է թե լրիվ այլ ֆուտբոլ են ցուցադրել սխալ կլինի»:
«Արարատի» դարպասը հաղթական գնդակը խփեց Տիգրան Ղարաբաղցյանը, որը օրերս թիմի հետ պայմանագիր է կնքել մինչեւ 2008թ. ավարտը: Վերջին 6 ամիսներում հանդես գալով բուլղարական «Չեռնո Մորեում», Ղարաբաղցյանը վերադարձել է իր նախկին ակումբ: «Ես մեծ ուրախությամբ նրան հրավիրեցի, քանի որ մենք գոլ խփող հարձակվողի կարիք էինք զգում: Այսօր նա դուրս եկավ փոխարինման 2-րդ կեսում եւ գոլ խփեց: Չեմ կարող ասել, թե «Անորտոսիսի» հետ խաղում նա կլինի հիմնական կազմում թե` ոչ: Պետք է դիտենք մրցակցի խաղը տեսագրությամբ, որից հետո կորոշենք», - եզրափակեց Վարդան Մինասյանը: