«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՂԹԵՑ «ԱՐԱՐԱՏԻՆ»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կայացան 14-րդ տուրի հանդիպումները: Տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Փյունիկ» մարզադաշտում, որտեղ չեմպիոն «Փյունիկը» 1:0 հաշվով առավելության հասավ առաջատար «Արարատի» նկատմամբ: Ընթացիկ մրցաշրջանում սա «Փյունիկի» առաջին հաղթանակն էր արարատցիների նկատմամբ:
Չեմպիոնը Վարդան Մինասյանի գլխավորությամբ 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Եթե նախորդ տուրում «Փյունիկն» առանց ավելորդ ջանքերի առավելության հասավ «Կիլիկիայի» նկատմամբ, ապա այս անգամ Մինասյանի սաներից մեծ ջանքեր պահանջվեցին: Ընդհանուր առմամբ հանդիպումը անցավ «Փյունիկի» առավելությամբ, որի գրոհները ավելի սուր էին: Հաշիվը բացվեց միայն 57-րդ րոպեին, երբ Նորայր Սահակյանի փոխանցումից հետո «Փյունիկ» վերադարձած Տիգրան Ղարաբացյանը գլխի դիպուկ հարվածով գրավեց Գեւորգ Պրազյանի պաշտպանած դարպասը: Ընդունած գոլից հետո «Արարատը» ամեն կերպ փորձեց հավասարեցնել հաշիվը, սակայն չստացվեց, թեեւ ռեալ պահեր առաջատարի գրոհայիններն ունեցան: Եւս մեկ կենտրոնական հանդիպում կայացավ «Միկա» մարզադաշտում, որտեղ մրցեցին «Միկան» եւ «Բանանցը»: Հյուրերը այս խաղում առավելության հասան 3:1 հաշվով: Բոլոր 4 գնդակներն էլ խփեցին լեգեոներ ֆուտբոլիստները: «Միկայի» կազմում միակ գնդակը խփեց վրացի Զազա Սախոկիան: «Բանանցից» 2 անգամ աչքի ընկավ օրերս թիմ հրավիրված բելառուս Մաքսիմ Ցիգալկոն եւ բուլղարացի Մարկո Գանչեւը: Կապանում «Գանձասարը» խոշոր 4:1 հաշվով պարտության մատնեց «Ուլիսին»: Տանտերերի կազմում կրկին արդյունավետ խաղով աչքի ընկավ Ալեքսանդր Պետրոսյանը, որը դարձավ 2 գոլի հեղինակ:
Անակնկալ գրանվեց «Կիլիկիա» - «Շիրակ» խաղում, որում տանտերերը առավելության հասան 2:1 հաշվով: Թեեւ արդեն 13-րդ րոպեին գյումրեցիները բացեցին խաղի հաշիվը, սակայն ոչ միայն չկարողացան պահպանել առավելությունը, այլեւ պարտություն կրեցին: «Կիլիկիան» տոնեց իր 2-րդ հաղթանակը ընթացիկ առաջնությունում: 2 դեպքում էլ Էդուարդ Մարկարովի սաները հաղթել են «Շիրակին»: Այս տուրից հետո «Արարատը» 29 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Միկան», «Բանանցը» եւ «Փյունիկը» 24-ական միավորով հետապնդվում են աջատարին: Լավագույն քառյակին է մոտեցել Կապանի «Գանձասարը», որը 21 միավորով 5-րդ տեղում է: Հայաստանի առաջնության 2-րդ շրջանը գրեթե ավարտված է: Պետք է կայանան միայն հետձագված 2 հանդիպումներ, որոնցում «Միկան» պետք է մրցի «Բանանցի» եւ «Փյունիկի» հետ: