ԵՐԵՎԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի խոշորագույն մարզադաշտերը` «Հրազդանը» եւ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետականը» շարունակում են վերանորոգվել: Այդ ընթացքում հայկական թիմերը իրենց հանդիպումները Եվրագավաթների խաղարկություններում կանցկացնեն Աբովյանի քաղաքային մարզադաշտում:
Վերջին տարիներին հայկական ակումբները իրենց հանդիպումները եվրագավաթների խաղարկություններում անցկացնում էին «Հանրապետականում», որտեղ ներկայումս նոր խոտածածկ է տեղադրվում եւ աշխատանքները այս մարզադաշտում կավարտվեն սեպտեմբերին:
«Հրազդան» մարզադաշտը, որը Հայաստանի հավաքականի հիմնական մրցավայրն էր 90-ականներին, ներկայումս եւս նորոգվում է: Նախատեսվում է այնտեղ անցկացնել սեպտեմբերի 6-ին կայանալաիք Հայաստան Թուրքիա ընտրական հանդիպումը: Արդեն հայտնի է, որ «Հրազդան» մարզադաշտում օգոստոսի 26-ին Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդական հավաքականների միջեւ կկայանա «Եվրո-2009»-ի հանդիպումը:
Իսկ այժմ հայկական թիմերը իրենց միջազգային հանդիպումները ստիպված են անցկացնել Երեւանից դուրս` Աբովյանում, որի քաղաքային մարզադաշտը ունի 4.500 նստատեղ: Առաջին հանդիպումը այնտեղ կկայանա հուլիսի 17-ին` «Արարատի» եւ շվեյցարական «Բելինցոնայի» միջեւ:
ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության այս մրցավեճին կհաջորդի հուլիսի 21-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» - «Անորտոսիս» պատասխան հանդիպումը: Հուլիսի 31-ին Աբովյանում նախատեսված է «Բանանց» - «Ռեդ Բուլ» ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության հանդիպումը:
Ի դեպ, այս տարի Աբովյանում արդեն միջազգային հանդիպումներ կայացել են: Այստեղ իր հանդիպումներն է անցկացրել Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը, որը Եվրոպայի առաջնության «Էլիտ ռաունդի» շրջանակներում հանդիպեց Թուրքիայի, Ուկրաինայի եւ Իսպանիայի հավաքականներին: