Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԱՐԱՏԸ» ՀԱՄԱԼՐՈՒՄ ՉՍՏԱՑԱՎ

Սպորտ

Հունիսին Երեւանի «Արարատի» շարքերը համալրած բրազիլացիներ Ժուլիանո Հիմենեսը եւ Ջեֆերսոն Ռոմալհոն չեն կարողանա թիմին օգնել ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլում, որտեղ հայկական թիմի մրցակիցը կլինի շվեյցարական «Բելինցոնա» թիմը:

Վերջին 1 ամսվա ընթացքում Հայաստանի առաջնության առաջատարը կազմը ուժեղացնելու մեծ ջանքեր թափեց, սակայն լուրջ համալրում «Արարատը» այդպես ել չստացավ: Բրազիլացիներ Հիմենեսը եւ Ջեֆերսոնը որոշ ժամանակ փորձաշրջան անցան թիմում, նրանց խաղը հավանության արժանացավ ակումբի մարզական կազմի կողմից, սակայն այս ֆուտբոլիստները տրանսֆերները դեռ չեն ստացվել, ուստի բրազիլացիներին հնարավոր չի եղել հայտավորել ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Իսկ մինչ այս «Արարատը» պայմանագիր էր կնքել Արթուր Ս. Մինասյանի եւ Արտաշես Անտոնյանի հետ: Մինասյանը ժամանակին հանդես էր եկել Հայաստանի ազգային հավաքականում եւ շվեյցարական «Լոզանում»:

Օրերս «Արարատ» էին ժամանել նաեւ 3 արգենտինացի լեգեոներներ, սակայն թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը որոշել է հրաժարվել այս ֆուտբոլիստների ծառայություններից, եւ հարավամերիկացիները վերադարձել են հայրենիք: Սպասվում էր, որ «Արարատում» հանդես կգան ֆուտբոլիստներ իտալական «Ռեջինա» ակումբից, սակայն այս հարցը եւս դրական լուծում չստացավ: Տեղեկություն կար, որ «Արարատը» կարող են լքել Նշան եւ Սերգեյ Էրզերումյանները, սակայն նրանց կշարունակեն իրենց ելույթները թիմում:

Այսպիսով` ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում Հայաստանի գավաթակիրը հանդես կգա ներկայիս կազմով: Ընթացիկ մրցաշրջանում «Արարատում» բավական հաջող են հանդես գալիս բրազիլացիներ Մարկոս Պիզելին եւ Ռենատո Մորայրեսը, Արթուր Մինասյանը, Սարգիս Մովսիսյանը, Հրայր Մկոյանը, Վահագն Մինասյանը: Բացառությամբ Ռենատոյի մյուս ֆուտբոլիստները համարվում են Հայաստանի հավաքականի անդամներ: