Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է 1 ԱՄԻՍ

Սպորտ

Ուղիղ 1 ամիս է մնացել Պեկինում կայանալիք 2008թ. ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին: Այսօրվանից արդեն Չինաստանի գտնվող տեղկատվական կենտրոնը սկսում է ընդունել հյուրերին:

Խաղերի մեկնարկից 1 ամիս առաջ արդեն ավարտվել են բոլոր շինարարական աշխատանքները: Խաղերը հիմնականում կայանալու են Պեկինում, սական որոշ մրցաշարեր տեղի կունենան Չինաստանի մյուս քաղաքներում: Չինաստանը օլիմպիական խաղերն անցկացնելու համար կառուցել եւ նորոգել են 37 սպորտային մարզահամալիրներ, որոնցից ամենամեծը «Թռչնի բույն» մարզադաշտն է, որտեղ էլ օգոստոսի 8-ին կայանալու է խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Խաղերին մասնակցող մարզիկները բնակվելու են հատուկ կառուցված օլիմպիական ավանում, որտեղ այս օրերին ընթանում են մարզումներ` հյուրերին տեղավորելու, անվտանգությունը ապահովելու, տրասնպորտով եւ սնունդով ապահովելու ուղղությամբ: Գործի են անցել նաեւ կամավորները, որոնք մեծ ծավալի աշխատանք են կատարելու խաղերի ընթացքում:

Կազմակերպչական առումով առաջիկա խաղերը խոստանում են լինել լավագույնը պատմության մեջ: Այդ կապացությամբ ստեղծված է «Գլխավոր շտաբ» եւ «Կառավարման գլխավոր կենտրոն», որոնք պետք է արդյունավետ համակարգեն օլիմպիական ավանի աշխատանքները: Մեծ ուշադրություն է հատկացվել տրասնպորտային համակարգին: Աղտոտող նյութերի բարձր ցուցանիշ ունեցող առավել քան 300 հազար ավտոմեքենաների արգելվել է երթեւեկել Պեկինում: Մշակվել են հատուկ տրանսպորտային համակարգեր, որոնք շուտով կենթարկվեն փորձարկման: Դրանք թույլ կտան զերծ մնալ խցանումներից եւ կապահովեն մարզական պատվիրակությունների ազատ տեղաշարժը բոլոր մարզադաշտերով:

Օլիմպիական ավանում կբնակվեն խաղերին մասնակցող մարզիկների գերկշռող մասը, իսկ հազարավոր հանդիսականներ, հյուրեր եւ պաշտոնատար անձինք կհանգրվանեն Պեկինում գործող 816 աստղանի եւ 4978 հասարակական հյուրանոցներում: Խաղերի բացման հանդիսավոր արարողության սցենարը շարունակվում է ավելի գաղտնի պահվել, քան ցանկացած պետական գաղտնիք: Թեեւ Չինաստանում եւ նրա սահմաններից դուրս բացման արարողության նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, սակայն արարողության ռեժիսոր Չժան Իմոուն անհասանելի է լրագրողների համար, թեեւ խոստացել է զարմացնել աշխարհին:

Օլիմպիական խաղերում ոսկե մեդալի արժանացած մարզիկներից ամենամեծ պարգեւատրումը կստանան Չինաստանի ներկայացուցիչները: Չինացիները պատրաստ են յուրաքանչյուր չեմպիոնի պարգեւատրել մեկ միլիոն դոլարով: Պարգեւատրումների ցանկում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Մալայզիան, որն իր մարզիկներին խոստացել է 300 հազար դոլար` ոսկե մեդալի արժանանալու դեպքում: Շռայլ են նաեւ ղազախները, որոնք յուրաքանչյուր չեմպիոնի պատրաստ են վճարել 200 հազար դոլար: Ռուսաստանը իր մարզիկների համար նախատեսել է 100 հազար եվրո պարգեւատրում: ԱՄՆ-ի համար օլիմպիական մեդալ նվաճելը, կարծես, այնքան էլ մեծ նվաճում չէ: Համենայնդեպս ոսկե մեդալով Նահանգներ վերադարձած մարզիկը կստանա ընդամենը 25 հազար դոլար:

Հայաստանի պատվիրակության կազմում Պեկին կմեկնեն մոտ 50 հոգի, որոնցից 25-ը մարզիկներ: 23 հայ մարզիկ ուղեգիր է նվաճել վարկանիշային մրցաշարերում, իսկ եւս 2-ը նման իրավունք են ստացել Միջազգային օլիմպիական կոմիտեի` ՄՕԿ-ի կողմից տրամադրված «սպիտակ քարտի» շնորհիվ: Հայ մարզիկներից առաջինը` օգոստոսի 9-ին, պայքարի մեջ կմտնի հրաձիգ Նորայր Բախտամյանը: Նույն օրը ասպարեզ դուրս կգան նաեւ 60կգ քաշային ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը եւ 75կգ քաշային բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը: