Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԾԱՆՐԱՄԱՐՏՈՒՄ ՀԱՎԱՍԱՐԸ ՉՈՒՆԵՆՔ

Սպորտ

Կովկասյան երկրների մարզական կյանքին նվիրված հոդվածաշարում այսօր կանրադառնանք անհատական առավել մասսայական 3 մարզաձեւերին:

Ըմբշամարտ

Այս մարզաձեւը մեծ մասսայականություն է վայելում 3 երկրներում, սակայն Վրաստանի հավաքականի ունեցած հաջողությունները ըմբշամարտում շատ ավելի մեծ են քան Հայաստանինը եւ Ադրբեջանինը: Խորհրդային տարիներին վրաց ըմբիշները բավական հաճախ էին օլիմպիական մեդալներ նվաճում եւ միանգամից 10 օլիմպիական չեմպիոն ունեն: ԽՍՀՄ փլուզումից հետո վրացի ըմբիշներին ոսկե մեդալի արժանանալ չի հաջողվել, փոխարենը նրանք մի քանի բրոնզե եւ արծաթե մեդալներ են նվաճել: Իսկ ահա Հայաստանը, որը ԽՍՀՄ-ի օրոք ընդամենը 2 ոսկու էր արժանացել (Լեւոն Ջուլֆալակյան` հունահռոմեական ոճ-1988թ. օլիմպիական խաղեր, Իսկանդար Մնացականյան` հունահռոմեական ոճ - 1992թ. օլիմպիական խաղեր), կարողացել է չեմպիոն ունենալ նաեւ անկախության օրոք:

Այդ մեդալը 1996թ. օլիմպիական խաղերում նվաճել է Արմեն Նազարյանը, որը ներկայումս հանդես է գալիս Բուլղարիայի դրոշի ներքո: Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում վերջին տարիներին առավել հաջող են հանդես գալիս Ադրբեջանի ներկայացուցիչները: Համենայնդեպս օլիմպիական խաղերի ուղեգրեր ամենաշատը հենց նրանք են նվաճել, իսկ այդ ուղեգրերը խաղարկվում են հիմնականում աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաեւ վարկանիշային մի քանի մրցաշարերում: Ազատ ոճում Ադրբեջանը ուղեգիր է նվաճել բոլոր 7 քաշերում, Հայաստանը միայն 4-ում, իսկ Վրաստանը` 5-ում: Հունա-հռոմեական ոճում Հայաստանը եւ Ադրբեջանը վարկանիշներ ունեն 6 քաշային կարգերում, Վրաստանը` 5-ում:

Կանանց ըմբշամարտում Հայաստանը եւ Վրաստանը ընդհանրապես չունեն ուղեգիր, իսկ Ադրբեջանը իրավունք ունի ներկայացնել 3 մարզուհու: Եվրոպայի 2008թ. առաջնությունում Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտում նվաճեց 1 ոսկե, 1 արծաթե մեդալ, Ադրբեջանը 1 ոսկե, Վրաստանը 1 արծաթե, 1 բրոնզե, իսկ ահա ազատ ոճում մեր ըմբիշները արդյունքի չհասան, մինչդեռ Վրաստանը ունեցավ 2 չեմպիոն եւ 2 փոխեչմպիոն, Ադրբեջանը` 4 բրոնզ:

Ծանրամարտ

Այստեղ Հայաստանի առավելությունը բացահայտ է: Եվրոպայի վերջին 2 տարիների առաջնություններում մեր հավաքականը գրավել է 1-ին հորիզոնականը:

Հայաստանի 2007-08թթ. ունեցել է Եվրոպայի միանգամից 7 չեմպիոն: Հայ ծանրորդները հատկապես հաջող հանդես եկան 2008թ. առաջնությունում, որտեղ կանանց եւ տղամարդկանց պայքարում ունեցանք 2-ական ոսկե մեդալ, մինչդեռ Ադրբեջանը եւ Վրաստանը ընդհանրապես մոտ էին մրցանակային տեղ գրավելուն:

Կանանց ծանրամարտում հարեւան երկրները ընդհանրապես մասնակից չունեին, իսկ տղամարդկանց պայքարում լավագույն արդյունքը 5-րդ հորիզոնականն էր: 2007թ. աշխարհի առաջնությունում եւս ամենահաջողը Հայաստանի հավաքականի ելույթն էր, թեեւ մեր ընտրանին միայն 1 մեդալի արժանացավ: 77կգ քաշային կարգում աշխարհի փոխչեմպիոն դարձավ Գեւորգ Դավթյանը: Ադրբեջանը եւ Վրաստանը դարձյալ մասնակցում էին միայն տղամարդկանց պայքարին եւ ոչնչով աչքի չընկան: Ամեն դեպքում ադրբեջանցիներին հաջողվել է թիմային հաշվարկում լավ արդյունք ցույց տալ եւ օլիմպիական խաղերին ներկայանալ 5 հոգանոց կազմով, սակայն մեդալներ այս ծանրորդներից Ադրբեջանում չեն սպասում:

Տղամարդկանց պայքարում նույնքան ուղեգիր են նվաճել նաեւ հայ ծանրորդները, որոնք մեր գլխավոր հույսն են առաջիկա խաղերում: Իսկ ահա վրացիները, որոնք օլիմպիական նախորդ խաղերում չեմպիոն են ունեցել այս մարզաձեւում, Պեկինում կունենան ընդամենը 1 ծանրորդ: Ինչպես արդեն նշվեց` կանանց ծանրամարտում Վրաստանը եւ Ադրբեջանը Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում մասնակիցներ չեն ունեցել, ուստի զրկված են նաեւ օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Հայաստանը կանանց պայքարում ունի 1 ներկայացուցիչ:

Երիտասարդների եւ պատանիների, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում դարձյալ Հայաստանի առավելությունը բացահայտ է: Մեր ծանրորդները վերջին տարիներին բավական հաջող են հանդես գալիս, մեծ թվով մեդալներ նվաճում, իսկ Վրաստանի եւ Ադրբեջանի նվաճած մեդալները նույնիսկ գումարելու դեպքում Հայաստանին ցույց տված արդյունքին չի հավասարվի:

Բռցնքամարտ

Այստեղ առավելությունը մի փոքր Հայաստանի կողմն է: Դրա վառ ապացույցը օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած մարզիկների քանակն է: Հայաստանը 4 բռնքամարտիկ կուղարկի Պեկին, իսկ Վրաստանը եւ Ադրբեջանը` 2-ական: Համեմատության համար նշենք, որ 2004թ. խաղերին Հայաստանը ուներ 1 մասնակից, Վրաստանը`2, Ադրբեջանը միանգամից 9-ը:

Հայ բռնցքամարտիկները հաջող հանդես եկան 2008թ. աշխարհի առաջնությունում, որտեղ էլ նվաճեցին 3 ուղեգիր: Երկարատեւ ընդմիջումից հետո մեր մարզիկները սկսել են հաջող հանդես գալ միջազգային ասպարեզներում: Ամեն դեպքում Վլադիմիր Ենգիբարյանի, Դավիթ Թորոսյանի, Սամսոն Խաչատրյանի, Իսրայել Հակոբկոխյանի եւ Նշան Մունչյանի պես բարձրակարգ բռնցքամարտիկներ այսօր մենք չունենք: