Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋԵՐՄՈՒԿԻ ՄԱՍՆԱՃՈՒՂԸ` ԿԱՐԵՆ ԱՍՐՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

Սպորտ

Ջերմուկ առողջարանային քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որը անցկացվում էր 2-րդ անգամ: Հայաստանի շախմատի ակադեմիայի կազմակերպած այս մրցաշարին նախորդ տարվա համեմատ ավելի շատ շախմատիստներ էին մասնակցում, որոնք պայքարում էին 8, 10, 12, 14, 16, 18 եւ 20 տարեկանների պայքարում:

Մինչեւ 8 տարեկան տղաների պայքարում առաջին տեղը կիսեցին Հայաստանի ներկայացուցիչ Արմենակ Նազարյանը եւ Իրանը ներկայացնող Քամյար Սալեհին:

Աղջիկներից լավագույնի կոչմանն արժանացավ Լիլիթ Դանիելյանը: Մինչեւ 10 տարեկան աղջիկների պայքարում մրցակցությունից դուրս էր Հայաստանի մինչեւ 10 տարեկանների չեմպիոն Սիրանույշ Ղուկասյանը: Տղաների մրցաշարում առաջին հորիզոնականում հայտնվեց իրանցի Շահին Զանգանեհ Լորփարին, որին հաջորդեցին ռուսաստանցի Նիկոլայ Գոլիկովը եւ Հայաստանը ներկայացնող Հարություն Բարսեղյանը:

Հայաստանի մինչեւ 12 տարեկանների չեմպիոնուհի Սուսաննա Գաբոյանը Ջերմուկում կրկին առաջինն էր, իսկ 14 տարեկանների չեմպիոնուհի Մարիա Գեւորգյանն էլ առաջին տեղը գրավեց իր տարիքային խմբում: Մինչեւ 12 տարեկան տղաների պայքարում առաջին տեղը կիսեցին Տիգրան Հարությունյանը, Նորայր Թորոսյանը եւ Արսեն Աղաջանյանը:

Լրացուցիչ ցուցանիշներով հաղթողի կոչումը շնորհվեց Տիգրան Հարությունյանին: Մինչեւ 14 տարեկան տղաների պայքարում վստահորեն առաջին տեղը զբաղեցրեց Ռոբերտ Աղասարյանը:

Մինչեւ 16 տարեկան աղջիկների պայքարում առաջին տեղը զբաղեցրեց ջերմուկցի Անի Թադեւոսյանը, իսկ 18 տարեկան աղջիկների մրցաշարում առաջին հորիզոնականում հայտնվեց Անի Խանամիրյանը:

16 տարեկան տղաների մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Հայկ Վարդանյանը, իսկ երկրորդ տեղում հայտնվեց Շուշաննա Սարգսյանը: 18 տարեկան տղաների պայքարում առաջին մրցանակը հանձնվեց Վարդան Խոջոյանին: Մինչեւ 20 տարեկան աղջիկների մրցաշարում ամենալավ արդյունքը ցույց տվեց Արմինե Բաբայանը, իսկ նույն տարիքային խմբի տղաների պայքարում առաջին երեք տեղերը զբաղեցրին Ռոբերտ Հավհաննիսյանը, Վահե Բաղդասարյանը եւ Դավիթ Քալաշյանը:

Մրցաշարի օրերին շախմատի ակադեմիայի Ջերմուկ քաղաքի մասնաճյուղն անվանվեց Կարեն Ասրյանի անունով: Իսկ փակման արարողության ժամանակ ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը նշել է, որ իրենք ամեն ինչ կանեն, որ մրցաշարը դառնա ավանդական եւ ավելի ներկայացուցչական: