Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹԻՄԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐՈՒՄ ԶԻՋՈՒՄ ԵՆՔ

Սպորտ

Հարավային Կովկասի երկրների մարզական կյանքին նվիրված հոդվածաշարում այսօր կանդրադառնանք թիմային մի քանի մարզաձեւերի:

Հանդբոլ

Այստեղ համեմատություն կատարելու համար բավական է վերհիշել 2007թ. հոկտեմբերին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած թույլ զարգացած երկրների վարկանիշային մրցաշարի արդյունքները: Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Մոլդովայի մասնակցությամբ մրցաշարում մեր հանդբոլիստները ակնհայտ թույլ էին մրցակիցներին:

Ադրբեջանցիներին Հայաստանը զիջեց խոշոր 15:41 հաշվով: Մեր ընտրանին պարտվեց նաեւ մյուս 2 հանդիպումներում: Վրաստանի հավաքականը այստեղ լավագույն էր եւ 36:24 հաշվով հաղթելով Ադրբեջանին` գրավեց առաջին հորիզոնականը

Ի տարբերություն Հայաստանի` Վրաստանը եւ Ադրբեջանը իրենց կազմում ունեն նաեւ լեգեոներներ: Մասնավորապես` Ադրբեջանի հավաքականի կազմում հանդես են գալիս մի քանի բարձրակարգ ռուս հանդբոլիստներ, որոնցից մեկը` Վալերի Պարշկովը, թուրքական «Բեշիքթաշի» հիմնական կազմի խաղացող է: Կանանց պայքարում համեմատություններ անել հնարավոր չէ, քանի որ Հայաստանի կանանց հավաքականը ներկայումս չի գործում, իսկ ադրբեջանցիները եւ վրացուհիները կանոնավոր մասնակցում են եվրոպական ստուգատեսներին: Պատենական հավաքականներում եւս Հայաստանը ոչնչով աչքի չի ընկել, բացի խոշոր եւ գերխոշոր հաշիվներով պարտություններից: Ակումբային մակարդակով դարձյալ ակնհայտ ետնապահը Հայաստանն է, քանի որ մեր ակումբները հազվադեպ են դուրս գալիս միջազգային ասպարեզ, մինչդեռ հարեւան երկրները նման խնդիր չունեն եւ երբմեն նաեւ հաջող են հանդես գալիս եվրոպական մրցաշարերում:

Բասկետբոլ

Ի տարբերություն Ադրբեջանի եւ Վրաստանի, Հայաստանը մեծահասակաների հավաքական չունի: Ադրբեջանի ազգային թիմը վերջերս հաղթող ճանաչվեց Եվրոպայի C դիվիզիոնի մրցաշարում, որի եզրափակիչում առավելության հասավ Մոլդովայի նկատմամբ:

Վրաստանի հավաքականը ավելի բարձր կարգ ունի եւ վերջին տարիներին հանդես է գալիս B դիվիզիոնում, որտեղ ընդգրկված են ավելի ուժեղ հավաքականներ: Հաջորդ տարի Ադրբեջանը եւս հանդես կգա B դիվիզիոնում:

Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում եւս Հայաստանը հավաքական չունի, իսկ Վրաստանի այս տարիքային խմբի հավաքականը բավական ուժեղ թիմ է եւ հանդես է գալիս ուժեղագույն A դիվիզիոնում:

Ադրբեջանցիները այստեղ եւս զիջում են վրացիներին, սակայն ունեն մշտապես մրցաշարին մասնակցող հավաքական, որը հանդես է գալիս B դիվիզիոնում: 18 տարեկանների պայքարում Հայաստանի հավաքականը 2007թ. երակարտեւ ընդմիջումից հետո դուրս եկավ միջազգային ասպարեզ` միանգամից մասնակցելով B դիվիզիոնի հանդիպումներին:

Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը զիջեց բոլոր հանդիպումներում:

Այս տարի ՀԲՖ-ն որոշել է չմասնակցել որեւէ միջազգային ստուգատեսի, քանի որ պատանեկան հավաքականում ընդգրկված բաստեբոլիստները ավելի փոքր են իրենց հասակակիցներից եւ չեն կարողանում լուրջ դիմադրություն ցույց տալ: Այս տարիքային խմբում Վրաստանը հանդես կգա B դիվիզիոնում, իսկ Ադրբեջանը` C-ում:

Կանանց պայքարում պատկերը գրեթե նույնն է:

Ակումբային մակարդակում հայկական բասկետբոլում որոշակի աշխուժություն է նկատվում վերջին տարիներին: Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները ավելի հետաքրքիր պայքարում են ընթանում, կազմակերպչական առումով էլ առաջընթացը ակնհայտ է, սակայն հայկական ակումբները դեռ չունեն անհրաժեշտ միջոցներ միջազգային ասպարեզ դուրս գալու համար: Վրացիները նախորդ տարիներին ունեին Թբիլիսիի «Դինամո», որը հովանավորում էր վաղամեռիկ գործարար Բադրի Պատարկացիշվիլին: Որոշակի հաջողություններ ունենալուց հետո «Դինամոն» այժմ ճգնաժամում է: Այժմ Վրաստանը եվրոպական ստուգատեսներում ներկայացնում է «Էներջի Ինվեստ Ռուսթավին», որը ի տարբերություն «Դինամոյի» այնքան էլ հաջող հանդես չի գալիս: Ադրբեջանցիները ակումբային մակարդակով ոչնչով աչքի չեն ընկնում:

Վոլեյբոլ

Այստեղ համեմատությունները անելը բարդ է: Հայաստանում վոլեյբոլը սիրողական մակարդակի վրա: Հայ վոլեյբոլիստները միջազգային ոչ մի ստուգատեսի չեն մասնակցել: Հայաստանի առաջնությունները անցկացվում են մի քանի օրում եւ միջազգային ստանդարտներին չհամապատասխանող խաղահրապարակներում: Ադրբեջանում մարզաձեւը լավ ավանդույթներ ունի: Ադրբեջանի ակումբները եւ հավաքականները բավական հաջող են հանդես գալիս միջազգային ասպարեզներում: Խոսքը վերաբերվում կանանց վոլեյբոլին, որտեղ Ադրբեջանի հավաքականը 26-րդն է աշխարհում: