«ԱՐԱՐԱՏԸ» ԱՎԵԼԻ ՄՈՏ ԷՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնությունում կայացան հետաձգված 2 հանդիպում, որոնցից մեծ հետաքրքրություն էր առաջացրել «Արարատ» - «Փյունիկ» հանդիպումը: Առաջատար «Արարատը» հաղթելու դեպքում կամրապնդվեր առաջին տեղում եւ զգալիորեն առաջ կանցներ իր հիմնական մրցակիցներից մեկից` «Փյունիկից»:
Հանդիպումը ավարտվեց 0:0 հաշվով, որը եւս հնարավորություն տվեց «Արարատին» պահպանել առաջին հորիզոնականը:
«Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի կարծիքով` իր սաները ավելի մոտ էին հաջողությանը. «Շատ լավ հանդիպում ստացվեց: 2 թիմերն էլ լավ ֆուտբոլ ցուցադրեցին: Առաջին կեսում մենք ունեցանք դարպասը գրավելու 4 100 տոկոսանոց պահ: Փոխարենը 2-րդ կեսի վերջնամասում կարող էր հաջողության հասնել «Փյունիկի» հարձակվող Գեւորգ Ղազարյանը, սակայն Վահագն Մինասյանը փրկեց այդ դրվագում»: Ներկայումս «Արարատում» են գտնվում բրազիլացի լեգեոներներ, որոնց Սուքիասյանը դեռ չի փորձարկել. «Նրանք դեռ պայմանագիր չեն կնքել ակումբի հետ, քանի որ փորձաշրջան են անցնում»:
Ինչ վերաբերվում է թիմի ռմբարկու Պիզելի Մարկոսին, ապա նա դեռ կշարունակի իր ելույթները «Արարատում». «Մարկոսը կմասնակցի ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը, որից հետո ակումբի ղեկավարության հետ կորոշվի նրա հետագա ճակատագիրը»:
Հետաձգված մյուս խաղում մրցեցին «Շիրակը» եւ «Բանանցը»: Գյումրիում կայացած այս խաղի 34-րդ րոպեին տանտերերը հայտնվեցին ծանր իրավիճակում, քանի որ կարմիր քարտի արժանացավ փորձառու Արարատ Հարությունյանը: Մնալով 10 հոգով` «Շիրակը» 2-րդ կեսում չկարողացավ դիմադրել եւ «Բանանցը» Նորայր Գյոզալյանի խփած 2 գնդակների շնորհիվ առավելության հասավ 2:0 հաշվով: «Բանանցը» տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակը «Բանանցը» մոտեցավ լավագույն եռյակին:
Հայաստանի առաջնության 12-րդ տուրը կկայանա հունիսի 25-ին: