Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԲՐԱՀԱՄԸ ՀԱՂԹԵՑ, ԻՍԿ ԵՂԲՈՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ

Սպորտ

IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը եւս մեկ անգամ հաղթեց կոլումբիացի Էդիսոն Միրանդային, որը այս մրցամարտում ցանկանում էր ռեւանշի հասնել նախկինում կրած պարտության համար:

Առաջին 2 ռաունդներում Աբրահամը պասիվ էր եւ հիմնականում պաշտպանվում էր, սակայն 3-րդում մի քանի դիպուկ հարված կատարեց: 4-րդ ռաունդում Միրանդան հայտնվեց նոկդաունում, սակայն որոշեց շարունակել հանդիպումը: Սակայն Արթուրը թույլ չտվեց նրան վերականգնվել եւ եւս 2 նոկդաուններից հետո մրցամարտը դադարեցվեց եւ Աբրահամին շնորհվեց հաղթանակ: Հանդիպումից հետո Միրանդան խոստովանել է, որ թույլ էր մրցակցից. «Նա շատ լավ էր պատրաստվել ռեւանշին եւ այսօր շատ ուժեղ էր: Ես ոչինչ չկարողացա անել: Նա իսկական չեմպիոն է»:

Այժմ Արթուր Աբրահամը կնախապատրաստվի Ռաուլ Մարկեսի հետ մրցամարտին, որտեղ պետք է պահպանի չեմպիոնական տիտղոսը, այնուհետեւ կարող է վերադառնալ ԱՄՆ եւ անցկացնել հանդիպում WBC եւ WBO վարկածներով չեմպիոն Կելի Պավլիկի հետ:

Ի դեպ, հանդիպումից հետո սկանդալի մեջ է հայտնվել Արթուրի կրտսեր եղբայրը` Ալեքսանդր Աբրահամը: Մի քանի հայտնի ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել, թե իբր Ալեքսանդրը մրցամարտի ավարտից հետո դուրս գալով ռինգ շնորհավորել է Արթուրին, ապա մոտեցել բժշկական օգնություն ստացող Միրանդային, վիրավորել նրան եւ փորձել հարվածել ոտքով: Ըստ ESPN-ի Ալեքսանդր Աբրահամին ձերբակալել են եւ բաց թողել 100 դոլար գրավի դիմաց: Սակայն Sauerland Event պրոմոուտերական կազմակերպությունը հերքել է այս տեղեկատվությունը հայտարարելով, որ Ալեքսանդր Աբրահամը մրցամարտի ավարտից հետո ձերբակալվել է խաղատանը` հասարակական կարգը խախտելու համար, վճարել է 100 դոլար եւ ազատ արձակվել առանց լրացուցիչ մեղադրանքների: