Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՐԱՄՅԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՌՈՒՄԻՆԻԱ

Սպորտ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արտավազդ եւ Արման Քարամյանները ամենայն հավանականությամբ իրենց ելույթները կշարունակեն Ռումինիայի Տիմոշարա քաղաքի «Պոլիտեխնիկա» թիմում: Հայ ֆուտբոլիստները, իրենց ավագ եղբայր եւ գործակալ Արթուրի հետ բանակցություններ էին վարում Հռոմի «Լացիոյի» հետ, սակայն կողմերը այդպես էլ համաձայնության չեն եկել:

Իտալացիներին հատկապես դուր չի եկել այն հանգամանքը, որ Քարամյանները Եվրամիության անդամ երկրի քաղաքացի չեն, մինչդեռ իտալական ակումբներում սահմանափակ է Եվրամիության քաղաքացիություն չունեցող ֆուտբոլիստների թիվը: Ներկայումս «Լացիոյում» հանդես են գալիս մեկական մակեդոնացի, ալբանացի եւ երեք լատինաամերիկացի ֆուտբոլիստներ: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Քարամյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:

Քարամյանները ներկայումս «Պոլիտեխնիկայում» են, որի կազմում նախապատրաստվում են գալիք մրցաշրջանի մեկնարկից: Երկվորյակ եղբայրները մասնակցել են նաեւ հունգարական «Դեբերեցենի» հետ ընկերական հանդիպմանը, որում ռումինական ակումբը հաղթել է 3:1 հաշվով:

Արման եւ Արտավազդ Քարամյանները, 2003թ. հեռանալով Երեւանի «Փյունիկից», վերջին 5 տարիներին ընթացքում հանդես են եկել արտասահմանյան ակումբներում:

Ի դեպ, երեկ Արտավազդ Քարամյանը հայր է դարձել: