Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԱՎՈՐԻՏԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԻՄՆ Է

Սպորտ

Վաղը` մայիսին 21-ին կայանալիք Ինտերտոտոյի գավաթի խաղարկության «Միկա» - «Տիրասպոլ» խաղում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են հայկական թիմին, որի հաղթանակի գործակիցը կազմել է 2.10, իսկ մրցակցինը` 2.70: Ոչ-ոքիի համար սահմանվել է 3.50 գործակից:

Մոլդովայի Տիրասպոլ քաղաքի համանուն թիմը, ինչպես եւ «Միկան», բավական կարճ պատմություն ունի: Թիմը հիմնադրվել է 2001թ. հունիսին: 2004թ. թիմը «Տիրասպոլը» առաջին անգամ իրավունք ստացավ հանդես գալ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում:

Իր նորամուտը այս թիմը նշեց Երեւանում` Գյումրիի «Շիրակի» հետ մրցավեճում: 2004թ. ամռանը «Հանրապետականում» կայացած այս խաղում հյուրերը առավելության հասան 2:1 հաշվով: «Շիրակը» այդ ընթացքում գտնվում էր խոր ճգնաժամի մեջ եւ չկարողացավ հավասար պայքար մղել մրցակցի հետ, պարտվելով նաեւ պատասխան խաղում:

Հաղթահարելով հայկական թիմի արգելքը «Տիրասպոլը» հաջորդ փուլում մրցեց Դոնեցկի «Մետալուրգի» հետ, որի կազմում հանդես էր գալիս «Բարսելոնայի» ներկայիս խաղացող Յայա Տուրեն: Ուկրաինացիները երկու հանդիպումների արդյունքում առավելության հասան 5:1 հաշվով:

2006թ. «Տիրասպոլը» Մոլդովայի առաջնություն վերջապես դարձավ մրցանակակիր` նվաճելով բրոնզե մեդալները: Նույն թվականին «Տիրասպոլը» բավական հաջող հանդես եկավ Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում: Մոլդովացիները նախ պայքարից դուրս թողեցին ադրբեջանական «ՄԿՏ-Արազին», ապա առավելության հասան լեհական «Լեխ»-ի նկատմամբ, իսկ երրորդ փուլում զիջեցին ավստրիական «Ռիդին»:

Մոլդովայի 2007-08թթ. առաջնությունում «Տիրասպոլը» գրավեց չորրորդ հորիզոնականը եւ իրավունք ստացավ կրկին հանդես գալ Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում:

«Տիրասպոլի» ներկայիս կազմում գերակշռում են մոլդովացիները: Կան ֆուտբոլիստներ նաեւ Ռումինիայից: Մոլդովական ակումբում հանդես են գալիս հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնցից շատերը Մոլդովայի երիտասարդական եւ պատանեկան հավաքականների անդամներ են: Փորձառու ֆուտբոլիստներ «Տիրասպոլում» գրեթե չկան:Մինչ Երեւան ժամանելը «Տիրասպոլը» ստուգողական հանդիպում է անցկացրել Քիշինեւի «Պոլիտեխնիկայի» հետ եւ հաղթել 3:0 հաշվով: «Միկան» եվրագավաթներում հանդես գալու ավելի մեծ փորձ ունի:

Թիմը մի քանի անգամ մասնակցել է ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկություններին, իսկ անցած տարի առաջին անգամ կարողացել է հաղթահարել առաջին փուլի արգելքը` պայքարից դուրս թողնելով հունգարական ՄՏԿ-ին: 2-րդ փուլում Արկադի Անդրեասյանի սաները զիջեցին Սլովակիայի «Արտմեդիային», որին Երեւանում հաղթեցին 2:1 հաշվով, իսկ հյուրընկալվելիս զիջեցին 0:2 հաշվով: