Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ «ՍՏԱՆԴԱՐՏ» ՀԱՂԹԱՆԱԿԸ

Սպորտ

Գերմանիայի հավաքականը դարձավ «Եվրո-2008»-ի կիսաեզրափակիչ առաջին մասնակիցը` Շվայնշտագերի, Քլոզեի եւ Բալակի գոլերի շնորհիվ քառորդ եզրափակիչում 3:2 հաշվով հաղթելով Պորտուգալիային:

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին հիմնական կազմում նորամուծություններ չէր արել: Առաջ քաշված հարձակվողի դերում հանդես էր գալիս Նունու Գոմեշը, իսկ խորքից նրան օգնում էին Կրիշտիանու Ռոնալդուն, Սիմաուն եւ Դեկուն:

Գերմանայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լեւը, որը նախորդ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով խաղին հետեւում էր տրիբունաներից, չէր կարող օգտվել վնասվածք ստացավ Ֆրինգսի ծառայություններից: Ֆրինգիսին այս խաղում փոխարինեց Հիտցլշպերգերին:

Խաղի մեկնարկը այնքան էլ խոստումնալից չէր եւ թվում էր` հանդիպումը գոլառատ չի ստացվի, սակայն ամեն ինչ խառնեց 22-րդ րոպեին Բաստինա Շվայնշտագերի խփած գնդակը, որից 4 րոպե անց Միրոսլավ Քլոզեն կրկնապատկեց հաշվի տարբերությունը:

Այս գոլից հետո միայն Պորտուգալիան սկսեց մեծ ուժերով նետվել առաջ եւ 40-րդ րոպեին Ռոնալդուն մեն-մենակ մնալով Լեմանի դեմ` հարվածեց ուղիղ նրա վրա, սակայն վրա հասած Նունու Գոմեշը կրճատեց հաշիվ տարբերությունը: Այս գնդակը ավելի սրեց պայքարը եւ պորտուգալացիները ռեալ հնարավորություն ստացան հավաարեցնելու հաշիվը: Բայց 2-րդ կեսում գերմանացիներին հաջողվեց վերականգնել 2 գնդակի տարբերությունը: 61-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո գլխի դիպուկ հարված կատարեց Բալակը:

Այս դրվագում խիստ անհաջող գործեց պորտուգալացիների դարպասապահ Ռիկարդուն, որը իր մեղքի բաժինը ուներ նաեւ խփված 2-րդ գնդակում: Մինչեւ խաղավարտ Պորտուգալիային հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ փոխարինման մտած Պոշտիգան:

Պորտուգալիայի հավաքականի բրազիլացի գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին, որի համար սա վերջին հանդիպումն էր այս պաշտոնում, անհաջողության պատասխանատվությունը վերցրել է իր վրա. «Ես եմ մեղավոր, որ մենք չհաղթեցինք այս խաղում: Ես եմ ընտրում այն կազմը եւ տակտիկան, որով մենք հանդես ենք գալիս խաղադաշտում: Մենք ենթադրում էինք, որ գերմանացիները իրենց խմբում կգրավեն առաջին հորիզոնականը եւ մենք նրանց հետ կհանդիպենք միայն կիսաեզրափակիչում, սակայն այնպես եղավ, որ այս ուժեղ թիմի հետ մրցեցինք արդեն քառորդեզրափակիչում: Մենք զիջեցինք, քանի որ ստանդարտ դիրքերի խաղարկման ժամանակ սխալ էինք հանդես գալիս: Մեր թիմի մի քանի ֆուտբոլիստներ առաջադրանք էին ստացել անհատապես հսկել Բալակին եւ մրցակցի մյուս խաղացողներին: Երբ գործը հասնում էր «ստանդարտներին», գերմանացիների կողքին հայտնվում էին լրիվ այլ ֆուտբոլիստներ եւ մրցակիցը առավելագույնս օգտվեց դրանից: Ես հիասթափված եմ, քանի որ մենք ունեինք լավագույն քառյակ մտնելու պոտենցիալ, բայց մենք չափից շատ խոտան թույլ տվեցինք եւ չկարողացանք պահպանել զգոնությունը»:

Քանի որ գերմանացիների գլխավոր մարզիչ Յոահիմ Լեւը որակազրկված էր, նրա փոխարեն խաղի մասին իր կարծիքը հայտնել է 2-րդ մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը. «Մենք պետք է երջանիկ լինենք, քանի որ առաջին րոպեից մինչեւ վերջինը պայքարեցինք, հիանալի գրոհներ ձեռնարկեցինք եւ հաղթեցինք: Գերմանիան իսկական գավաթային թիմ է, քանի որ կարող է հավաքվել անհրաժեշտ պահին: Խաղի առաջ ես ասել էի, որ «ստանդարտներից» գոլ ենք խփելու եւ մենք այդպիսի 2 գոլ խփեցինք: Ես գիտեի, որ «ստանդարտների» ժամանակ պորտուգալացիները հայտնվում են խառնաշփոթ վիճակում, եւ մենք օգտագործեցինք այդ հնարավորությունը»: