Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՐՏՎՈՂԸ ԹՈՂՆՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ

Սպորտ

Ավարտվեց «Եվրո-2008»-ի խմբային մրցաշարը, որում անակնկալները այնքան էլ շատ չէին: 16 հավաքականներից 8-ը արդեն լքել են Ավստրիան եւ Շվեյցարիան: Մյուս 8 թիմերը կշարունակեն պայքարը արդեն փլեյ-օֆֆում, որտեղ պարտվող լքում է առաջնությունը:

Առաջնության մեկնարկից առաջ ֆավորիտ էր համարվում Գերմանիայի հավաքականը: Գերմանացիները հաջող մեկնարկեցին` 2:0 հաշվով առավելության հասան լեհերի նկատմամբ, ապա 1:2 հաշվով զիջեցին խորվաթներին: Այս պարտությունը եւ դրան հաջորդած Ավստրիայի հավաքականի նկատմամբ տարած դժգույն հաղթանակը, գերմանացիների հնարավորությունները զգալիորեն նվազեցրեցին:

Թե բուքմեյքերները, թե մասնագետները այլեւս ֆավորիտ չեն համարում Յոահիմ Լեւի սաներին: Խմբային մրցաշարում եղան հավաքականները, որոնք շատ ավելի լավ տպավորություն թողեցին եւ այդ հավաքականների շարքում առաջին տեղում է Հոլանդիան, որը գերազանցեց բոլոր սպասելիքները: Մարկո Վան Բաստենի սաները ընդգրկված լինելով «մահվան» խմբում, մրցակիցների դարպասը ուղարկեցին ոչ ավել ոչ պակաս 9 գնդակ, որոնցից 7-ը աշխարհի չեմպիոնի եւ փոխեչմպիոն հետ հանդիպումներում: Միայն դժբախտ պատահարը այս հավաքականին կարող է խանգարել չհասնել նվազագույնը եզրափակիչ:

Տպավորիչ էր նաեւ Իսպանիայի հավաքականի ելույթները: Իսպանացիները եւս հաղթեցին խմբային մրցաշարի բոլոր 3 հանդիպումներում: Ամեն դեպքում իսպանացիներին քառորդ եզրափակիչում շատ լուրջ փորձություն է սպասվում, քանի որ մրցակիցը աշխարհի չեմպիոն Իտալիայի հավաքականն է: Իտալացիներն, անհաջող մեկնարկելով խմբային մրցաշարում, հետագայում կարողացան կարգավորել իրենց խաղը: Իսպանիայի, ինչպես նաեւ Թուրքիայի հավաքականներին, Հայաստանի ֆուտբոլային հասարակությունը հետեւում է կրկնակի ուշադրությամբ, քանի որ այս հավաքականների հետ Հայաստանի ազգային թիմը սեպտեմբերին իր առաջին հանդիպումներն է անցկացնելու Աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում:

Եթե իսպանացիների հաջողությունը չզարմացրեց ոչ մեկին, ապա թուրքերը մեծ անակնկալ մատուցեցին, կարողանալով դուրս գալ հաջորդ փուլ, բավական ուժեղ կազմ ունեցող A խմբից: Առաջին խաղում պարտվելով Պորտուգալիային, Թուրքիան այնեւհետեւ 2 կամային հաղթանակ տոնեց Շվեյցարիայի եւ Չեխիայի հավաքականների հետ խաղում: Մեկ մյուսից անսպասելի եւ դրամատիկ ընթացքով հանդիպումներ, որոնցից հետո թուրքերի «դուխը» առավելքան բարձր է այս մրցաշարում: Քառորդեզրափակիչում մեր հաջողակ հարեւանները կմրցեն Խորվաթիայի հավաքականի հետ: Խորվաթները այս հանդիպման անժխտելի ֆավորիտն են: Որքան էլ համեստ է թվում Խորվաթիայի ընտրանին, այնքան այն ուժեղ է եւ անկանխատեսելի: Այս հավաքականում չկան ռոնալդուներ կամ բալակներ, սակայն թիմային խաղով խորվաթները ընտրական փուլում եւ դրան հաջորդած խմբային մրցաշարի 3 հանդիպումներում փայելել են: Գերմանիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը դրա վառ ապացույցն է, որը զգաստացրեց շատ մասնակիցների:

Առաջին անգամ իր պատմության ընթացքում խմբային մրցաշարի արգելքը հաղթահարեց Ռուսաստանի հավաքականը, որը մինչ այս հպարտանում էր միայն ԽՍՀՄ հավաքականի հաջողություններով: Սակայն ԽՍՀՄ-ի ունեցած հաջողություններում իրենց մեծ ավանդը ունեցել են նաեւ ուկրաինացիները, վրացիները, երբեմն նաեւ հայերը, ուստի առաջին զուտ ռուսական հաջողությունը դա կարելի է համարել «Եվրո-2008»-ում Գուս Հիդինկի գլխավոր ընտրանու հաջողությունը:

Մեկնարկում 1:4 հաշվով զիջելով Իսպանիային` թվում էր` Ռուսաստանը նոկաուտում էր: Նման տպավորություն էր փորձում ստեղծել Գուս Հիդինկը, որը տարբեր առիթներով հայտարարում էր, թե որքան ընկճված են իր սաները այդ խոշոր հաշվից: Հաջորդ 2 հանդիպումները ցույց տվեցին, որ ռուսները ոչ միայն ընկճված չեն, այլ ավելի լավ են տրամադրված հաղթանակի, քան մրցակիցները, իսկ Շվեդիայի նկատմամբ տոնած հաղթանակից հետո ռուս ֆուտբոլիստներին հայրենիքում արդեն հերոսացնում են շարունակելով բղավել. «Ռուսաստանը հպարտանում է իր խաղացողներով» կարգախոսը: Բայց քառորդ եզրափակիչում ռուսներին պարզապես մղձավանջ է սպասվում, քանի որ մրցակիցը Հոլանդիայի հավաքականն է, որի մասին արդեն խոսվեց:

Իսկ այսօր երեկոյան Բազելում կմրցեն Պորտուգալիայի եւ Գերմանիայի հավաքականները: Պորտուգալացիները, ի տարբերություն գերմանացիների, ավելի լավ տպավորութուն են թողնում ընթացիկ առաջնությունում: Բավական կազմակերպված մի կոլեկտիվ, որտեղ փայլում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին հավակնող Կրիշտիանու Ռոնալդուն: Եթե Պորտուգալիան հաղթի Գերմանիային, իսկ Հոլանդիան` Ռուսաստանին, ապա կիսաեզրափակիչում այս թիմերը կմրցեն միմյանց հետ: Դա սովորական հանդիպում չի լինի, քանի որ «Եվրո-2004»-ում եւ աշխարհի 2006թ. առաջնությունում հոլանդացիներին փլեյ-օֆֆում պայքարից դուրս են թողել հենց պորտուգալացիները: