ՌՈՒՍՆԵՐԸ ՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՋ
Աջակցիր «Ա1+»-ին«Եվրո-2008»-ում ավարտվեցին խմբային մրցաշարի հանդիպումները: Քառորդեզրափակիչի վերջին ուղեգրին արժանացան D խմբում ընդգրկված Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները:
Ռուսաստան - Շվեդիա` 2:0
Հանդիպումից առաջ կողմերի հնարավորությունները հավասար էին գնահատվում, եւ այս խաղում էլ սպասվում էր հավասար պայքար, բայց ռուսները գերազանցեցին բոլոր սպասելիքները եւ ողջ հանդիպան ընթացող մեծ առավելություն ունեին սկանդինավների նկատմամբ: Ռուսաստանի խաղը զգալիորեն ուժեղացրել էր «Զենիթի» առաջատար Անդրեյ Արշավինը, որը առաջին 2 հանդիպումներին չմասնակցեց որակազրկման պատճառով: Խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացեց Ռոման Պավլյուչենկոն, իսկ 50-րդ րոպեին այն կրկնապատկեց Անդրեյ Արշավինը: Հաղթելով 2:0 հաշվով` Ռուսաստանի հավաքականը այս խմբում գրավեց 2-րդ հորիզոնականը եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Հոլանդիայի հավաքականի հետ:
«Հիացած եմ, թե որքան մեծ առաջընթաց ապրեցինք մենք, ընդամենը մի քանի օրվա ընթացքում, - հանդիպումից հետո ասել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը,- Ես հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով, որոնք ֆանտաստիկ խաղ ցուցադրեցին: Ընդամենը մեկ դժգոհություն ունեմ, որը գոլային պահերի իրացման հետ է կապված: Մինչեւ ընդմիջում հաշիվը կարող էինք կրկնապատկել, իսկ 2-րդ կեսում բազմիցս կարող էին 3-րդ գնդակը խփել եւ հաղթել խոշոր հաշվով: Անդրեյ Արշավինը ֆուտբոլիստը է, որը արագ կողմնորոշվում է, թե ինչպիսի որոշումներ պետք է կայացնել եւ միշտ վտանգավոր պահեր է ստեղծում: Նա խաղային պրակտիկայի խնդիր ուներ, սակայն ես ի վերջո որոշեցի ընդգրկել նրան հիմնական կազմում, քանի որ նա միայնակ կարող է վճռել հանդիպման ելքը»:
Խոսելով Հոլանդիայի հետ կայանալիք քառորդեզրափակիչի մասին, ազգությամբ հոլանդացի Հիդինկը ասել է. «Դա յուրահատուկ հանդիպում կլինի ինձ համար, քանի որ լավ ծանոթ եմ Հոլանդիայի հավաքականի մարզչական շտաբին եւ ֆուտբոլիստներին: Հոլանդացիների առավելությունը այն է, որ նրանք 5 օր են հանգստանում մինչ առաջիկա հանդիպումը, իսկ մենք` 4»:
Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լարս Լագերբեկը մինչ խաղին անդրադառնալը շնորհավորել է ռուսներին հաջորդ փուլ դուրս գալու կապացությամբ. «Այս մրցակիցը ավելի ուժեղ էր մեզանից: Մենք բավական պասիվ էինք: Եղան ժամանակահատվածներ, երբ մենք վատ չէինք նայվում: Առաջին կեսի վերջին 5 րոպեիներին կարող էինք փոխել խաղի ընթացքը, բայց 2-րդ կեսւոմ ռուսները 2-րդ գնդակը խփեցին եւ մեր գործը ավելի բարդացավ: Ռուսաստանը շատ պահեր ունեցավ, իսկ մենք սուր չէինք գործում: Ռուսները չզարմացրեցին ինձ ոչնչով: Մենք գիտեինք, որ նրանք ֆիզիկապես ավելի լավ են պատրաստված եւ խաղի առաջ էլ ուսումնասիրելով Հիդինիկի թիմին, տեղյակ էինք, որ շատ ուժեղ թիմի հետ ենք մրցելու»:
Հունաստան - Իսպանիա` 1:2
Այս հանդիպումը ընկերական բնույթ էր կրում, քանի որ այն որեւէ փոփոխություն չէր կարող մտցնելո մրցաշարային աղյուսակում: Հույների համար լավ առիթ էր հաղթանակով հրաժեշտ տալ Եվրոպայի առաջնությանը, քանի որ Իսպանիան հանդես էր գալիս 2-րդ կազմով: Սակայն Եվրոպայի նախկին չեմպիոնին չհաջողվեց նույնիսկ միավոր վաստակել այս խաղում, թեեւ 42-րդ րոպեին Խարիստեասը առաջ մղեց Հունաստանին: 2-րդ կեսում Դե լա Ռեդի եւ Գուիսայի խփած գոլերի շնորհիվ իսպանացիները հաղթանակ տոնեցին` դառնալով ընթացիկ առաջնության 3-րդ թիմը, որը հաղթում է խմբային մրցաշարի բոլոր 3 հանդիպումներում: