Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԸ ՓՐԿՎԵՑ

Սպորտ

«Եվրո-2008»-ի մահվան` C խմբի հանդիպումները ավարտվեցին: Մինչ առաջնության մեկնարկը ֆավորիտներ համարվող Իտալիային եւ Ֆրանսիային Հոլանդիայի հավաքականը այս խմբում թողեց ստվերում` վստահորեն գրավելով առաջին հորիզոնականը:

Իտալիա - Ֆրանսիա` 2:0

Այս խաղում հանդիպեցին 2006թ. աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակիցները, սակայն ի տարբերություն 2 տարվա վաղմեության հանդիպման` այս անգամ հավասար պայքար չծավալվեց, եւ իտալացիները վստահորեն հաղթեցին այս խաղում: Նախ խաղասկզբում վնասվածք ստացավ Ֆրանսիայի հավաքականի առաջատար Ֆրանկ Ռիբերին, իսկ 25-րդ րոպեին «Վերջին հույսի» կանոների խախտման համար մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց Աբիդալին եւ 11 մետրանոց նշանակեց Ֆրանսիայի դարպասին, որը անվրեպ իրացրեց Անդրեա Պիռլոն: 10 հոգով աշխարհի չեմպիոնին հաղթել, այն էլ առանց առաջատարի, դա անլուծելի խնդիր էր Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Ռայմոն Դոմենեկի համար, իսկ իտալացիները 2-րդ կեսում կրկնապատկեցին հաշվի տարբերությունը եւ առավելության հասան 2:0 հաշվով:

Դոմենեկը հանդիպումից հետո ամենեւին էլ ընկճված չի եղել. «Ես հիասթափված չեմ, ես հպարտ եմ, որ մեր ֆուտբոլիստները կռվեցին մինչեւ վերջ: Ամեն ինչ այնքան անհաջող սկսվեց, որ ավելի վատ հնարավոր չէր: Շատ կարճ ժամանակում կորցրեցինք առանցքային ֆուտբոլիստի, մնացինք 10 հոգով եւ գոլ ընդունեցինք 11 մետրանոցից: Նման իրավիճակում մնում է հանձնվել, սակայն մենք դա չարեցինք: Այս թիմը լավ ապագա ունի: Մենք լավ փորձ ձեռք բերեցինք այստեղ եւ ես դեռ վաղուց էի ասել, որ «Եվրո-2008»-ը 2010թ. աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու հիանալի առիթ է»:

«Չեմ կարծում, թե սա իմ մարզչական կարիերայի ամենամեծ նվաճումն է, սակայն ես մեծ բավարարվածություն եմ զգում, - հանդիպումից հետո ասել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դոնադոնին, - Իհարկե, այսօր բախտը մեր կողմն էր, սակայն մենք պատահականորեն չհաղթեցինք: Թիմը մեծ ծավալի աշխատանք կատարեց, եւ այս հաղթանակը դա վերջին 2 տարիներին տքնաջան աշխատանքի արդյունք էր: Կցանկանայի գովերգել նաեւ ֆրանսիացիներին, որոնք նույնիսկ 10 հոգով պայքարում են մինչեւ վերջ: Մեզ համար բարդ էր, բայց հաջորդ փուլում ավելի դժվար է լինելու: Քառորդ եզրափակիչում մեր մրցակիցը Իսպանիան է, որին հաղթելը հեշտ գործ չէ»:

Հոլանդիա - Ռումինիա` 2:0

Հոլանդիայի հավաքականը նախքան այս հանդիպումը ապահովել էր առաջին հորիզոնականը եւ Մարկո Վան Բաստենը հանգստանալու հնարավորություն էր տվել մի շարք առանցքային ֆուտբոլիստների: Ռումինացիները հաղթանակի դեպքում կգրավեին 2-րդ հորիզոնականը, անկախ նրանից, թե ինչ արդյունք կգրանցվեր Իտալիա - Ֆրանսիա խաղում: Սակայն Ռումինիայի հավաքականին չհաջողվեց հաղթել ոչ մարտական կազմով հանդես եկող հոլանդացիներին: Դեռ ավելին, Հոլանդիան մեծ առավելություն ուներ այս խաղում եւ 2-րդ կեսում 2 անպատասխան գնդակ ուղարկեց Բոգդան Լոբոնտի դարպասը:

Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիկտոր Պիցուրկեն ընդգծել է, որ խմբային մրցաշարի առաջին 2 հանդիպումներից հետո իր սաները հոգնած էին. «Աշխարհի փոխչեմպիոնի եւ չեմպիոնի հետ հանդիպումներից հետո հոգնածություն կար մեր ֆուտբոլիստների մոտ, սակայն մենք հնարավորություն չունեինք փոխարինել նրանց: Իսկ հոլանդացիները ավելի թարմ էին եւ արագ: Բացի այդ ընդմիջմանը տեղեկանալով Իտալիա-Ֆրանսիա խաղում ծավալվող իրադարձությունների մասին` մի փոքր ընկճվեցինք»: