Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՎՈԼԳԱՆ» ԿՀՐԱՎԻՐԻ ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ

Սպորտ

Երեւանի «Միկայի» նախկին գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը օրերս աշխատանքի էր անցել Ուլյանովսկի «Վոլգայում», որտեղ պատասխանատու է լինելու թիմի ֆիզիկական եւ տակտիկական պատրաստվածության համար:

Ադամյանի նորամուտը Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող այս ակումբում անհաջող էր ստացվել: «Վոլգան» 0:5 հաշվով հյուրընկալվելիս պարտվել էր «Բալթիկային»: Երեկ «Վոլգան» դարձյալ հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության է հասել ետնապահ «Դինամոյի» նկատմամբ:

Առաջիկայում Ադամյանը մտադիր է «Վոլգա» հրավիրել մի քանի հայ ֆուտբոլիստների, որոնք հանդես են գալիս հայկական ակումբներում: Մասնավորապես «Վոլգա» կարող են տեղափոխվել «Միկայի» մի քանի ֆուտբոլիստներ: Ուլյանովսկի ակումբի գլխավոր մարզիչ Սերգեյ Սեդիշեւը եւս հայտարարել է, որ «Վոլգան» համալրման կարիք ունի եւ նրանք կդիմեն լեգեոներների օգնությանը:

Հիշեցնենք, որ «Վոլգայի» հետ փետրվարին պայմանագիր էր կնքել Հայաստանի հավաքականի խաղացող Արամ Հակոբյանը, որը այդպես էլ չհաստատվեց ռուսական թիմում եւ մայիսին վերադարձավ Հայաստան, իսկ ներկայումս շարունակում է ելույթները «Բանանցում»: